Օգնելու փոխարեն վնասում եք ձեր վստահորդին

Օգնելու փոխարեն վնասում եք ձեր վստահորդին

Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումներն ալեկոծել են լրագրողների եւ փաստաբանների երբեմնի համերաշխությունը: Փաստաբան Կարեն Մեջլումյանը, որը հաճախ է հանդես եկել որպես լրագրողների իրավունքների պաշտպան, դատական հայց է ներկայացնել «Հրապարակի» դեմ եւ պատիվ է պահանջում Ռուզաննա Խաչատրյանի ոտնահարված պատվի ու արժանապատվության համար: Երեկ նա հատուկ մամուլի համար հայտարարություն է տարածել արդեն դատարան մուտք արված գործի վերաբերյալ: Դրան չէինք անդրադառնա՝ փաստաբան է, իր գործն է անում, բայց հայտարարությունը կեղծ տեղեկություններ է պարունակում, ինչը չենք կարող շրջանցել:



Տեղեկություն առաջին. Օրերս «Հրապարակ» օրաթերթում եւ hraparak.am կայքում հրապարակվել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որտեղ անդրադարձ կար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, եւ մամուլում տարածված տեղեկությանն էինք անդրադարձել, թե նա տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, դառնալով վերջինիս մահվան պատճառը: Փաստաբանը գրել է․ «Նման տեղեկություն տարածելուց առաջ անգամ փորձ չի արվել Ռուզաննա Խաչատրյանից ճշտելու դրա իսկությունը»:



Բանն այն է, որ «Հրապարակ» օրաթերթը չի տարածել նշված տեղեկությունը, այլ գրել է բառացիորեն հետեւյալը. «Որոշ լրատվամիջոցներ… հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով»: Որտե՞ղ է գրված, որ հենց Սեյրան Օհանյանի կինն է եղել նա: Ինչ վերաբերում է Օհանյանի կնոջից ճշտելուց, ապա հարգելի փաստաբանին տեղեկացնում ենք, որ նույն հոդվածում զետեղված է գրառում Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա հերքում է նշված տեղեկությունը։ Սա փաստաբանը, հավանաբար, չի նկատել։ Մենք գրել էինք.



«Իհարկե, Ռուզաննա Խաչատրյանը վիրավորված է: «Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունն իմ եւ ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում»,- սրտագին հերքում-ցավ է արտահայտում Ռուզաննա Խաչատրյանն իր ՖԲ էջում, ապա սպառնում է. «Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրողն իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը:



Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ… Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ»»: Ո՞վ կարող է մեղադրել «Հրապարակին» միակողմանի լուսաբանման համար․ երկրորդ կողմի կարծիքը հրապարակելու տարբեր եղանակներ կան, այդ թվում՝ ֆեյսբուքյան իր գրառումն օգտագործելը:



Տեղեկություն երկրորդ․ «Երբ նշված կեղծ եւ զրպարտող տեղեկությունը հերքելու մասին Ռուզաննա Խաչատրյանի պատասխանն ուղարկվեց «Հրապարակին», վերջինս ոչ թե հերքեց այն կամ պատասխանը հրապարակեց, այլ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածը հրապարակեց, այս անգամ հղում կատարելով www.hzham.am կայքին, որում տեղադրված է ողբերգական մահով մահացած Հովիկ Հայրապետյանի լուսանկարը, եւ Ռուզաննա Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ ինքն է վարել այն ավտոմեքենան, որի վթարից 2002 թվականին մահացել է հայտնի գործարարը»,- գրում է փաստաբանը: Ինչ է եղել իրականում․ Կարեն Մեջլումյանը նախ վերջնագիր էր ներկայացրել «Հրապարակին»․ կամ կհրապարակեք Ռուզաննա Խաչատրյանի պատասխանը մինչեւ մայիսի 30-ը, կամ կդիմենք դատարան, բայց առանց սպասելու հրապարակմանը, նույն օրը եւեթ դիմել է դատարան: Ինչո՞ւ: Թանկ պատվերը չկորցնելո՞ւ համար: «Դուք էլեկտրոնային կայքում նույն օրը տեղադրեցիք պատասխանը, եւ ես դիմեցի դատարան»,- բացատրում է փաստաբանը:



Մինչդեռ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածը հրապարակվել էր նախորդ օրը, եւ վերջնագիրն ստանալու պահին արդեն տպագրված էր «Հրապարակի» տպագիր տարբերակում: Այնտեղ մենք ներառել էինք Օհանյանի կնոջ ղեկավարած «Ռազմական բժիշկների ասոցիացիա» կազմակերպության պատասխանը մեզ: Իսկ այդ ժամանակ Կարեն Մեջլումյանից դեռ ոչինչ չէինք ստացել: Ինչ վերաբերում է վթարի պատմությանը, ապա, հարգելի Կարեն Մեջլումյան, ի՞նչ կապ ունի «Հրապարակն» այդ պատմության հետ: Ինչո՞ւ եք մեզ պարտադրում վերհանել վաղուց անցած-գնացած մութ անցքերը, որոնց անդրադառնալու նպատակ մենք չենք ունեցել, այլ ընդամենը հիշատակել ենք, որպեսզի նկարագրենք իրավիճակը եւ խորհուրդ տանք հանգիստ վերաբերվել տարբեր հրապարակումների։



Չէ՞ որ, դատական հայցեր նախաձեռնելով, տարբեր բնույթի պատասխաններ տարածելով՝ իրականում Դուք վնասում եք Ձեր վստահորդին, նրան ներքաշելով տհաճ գործընթացների մեջ եւ Ռուզաննա Խաչատրյանի անունն ավելի շաղկապելով տարբեր մութ պատմությունների հետ: Եվ վերջապես․ կրկին հիշեցնենք, որ հանրությունն իրավունք ունի գրելու, պատմելու, քրքրելու պաշտոնյաների, նրանց մերձավորների արած-չարածը, եւ ոչ մի փաստաբան չի կարող փրկել այդ հետաքրքրասիրությունից: Չէ՞ որ դուք ուզում եք գնալ դեպ վեր, ղեկավարել այս հանրությանը, եւ դուք եք պատասխանատու նրա երազանքի եւ անեծքի համար:



ՀԳ․ Ի դեպ, հավանաբար կրկին փաստաբանի խորհրդով, երեկ հայտարարություն են տարածել Փայլակ Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները՝ հերքելով Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությունն իրենց որդու մահվան հանգամանքներին։ Խոսքն այն Փայլակ Հայրապետյանի մասին է, ում ՀՀ նախկին վարչապետը դատի է տվել, եւ որով սնանկացման եզրին է օֆշորի սկանդալի պատճառով։