Երանի կտայի, որ էն ժամանակ ինձ ջրեին, այլ ոչ թե դուբինկեքով խփեին. Շարմազանովին մի լավ ջրեցին այսօր (լուսանկարներ)

Երանի կտայի, որ էն ժամանակ ինձ ջրեին, այլ ոչ թե դուբինկեքով խփեին. Շարմազանովին մի լավ ջրեցին այսօր (լուսանկարներ)

Այսօր Վարդավառը ընտանիքով Գեղարդում էր տոնում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նախ ընտանիքի անդամների՝ կնոջ, դստեր և որդու հետ ներկա գտնվեց Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված պատարագին, ապա ակտիվ մասնակցեց ավանդական ջրոցիին: Շարմազանովին առաջինը ջրողներից էր նրա դուստրը՝ Նարեն, ապա միացան նաև լրագրողներն ու տեղի այցելուները, որոնցից շատերը նաև ցանկանում էին լուսանկարվել ԱԺ փոխնախագահի հետ: Մի որոշ ժամանակ անց՝ խորհրդարանի ՀՀԿ-ական փոխխոսնակն արդեն ամբողջովին թրջվել էր, բայց դեռ շարունակում էր «մարտնչել» իրեն ջրողների դեմ՝ ինքն էլ ակտիվորեն ջրելով մյուսներին:
Տոնի առիթով փորձեցինք մի քանի բառ զրուցել ոչ պաշտոնական միջավայրում հայտնված ու թրջված փոխխոսնակի հետ:
«Օգտվելով առիթից, որ Հայաստանում եմ, ընտանիքով եմ, որոշեցի ընտանիքիս հետ գալ և ժողովրդի հետ միասին նշել այս տոնը այստեղ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ այս տոնն իր մոտ ավելի շատ ոչ թե ջրոցիի հետ է ասոցացվում, այլ Քրիստոսի պայծառառակերպության:



Նա նշեց, որ տանից դուրս գալիս իրեն արդեն հասցրել են ջրել, դրանից հետո էլ արդեն Գեղարդում են ակտիվորեն ջրում: Խոսելով իր 3-ամյա դստեր մասին, ով ակտիվ ու աշխույժ կերպով մասնակցում էր ջրոցիին ու մեզ առաջին ջրողներից մեկն էլ հենց նա էր, պարոն Շարմազանովն ասաց, որ իր դուստրն ավելի շատ իրեն է նման բնավորությամբ. «Աղջիկս իմ քսերոքսն ա... ես ուզում եմ էնպես լինի, որ իմ էրեխեքը ու բոլորիս էրեխեքը, ոչ թե մեր երկրում ապրելով իրենց երջանիկ զգան, որ ԱԺ փոխնախագահի էրեխեք են, էսօր փոխնախագահ ես, վաղը կլինես հասարակ պատգամավոր կամ սովորական դասախոս, այլ սովորական մարդկանց նման ապրեն: Մենք սովորական մարդկանց մեջ ապրում ենք, սովորական մարդ ենք... ես էսօր որպես ԱԺ փոխնախագահ չեմ էստեղ, այլ որպես Էդուարդ Շարմազանով՝ ՀՀ քաղաքացի, ով ընտանիքով եկել ու մարդկանց հետ ուրախանում է: Կորևորը՝ մարդ լինենք ու մարդ մնանք»:



Մեր դիտարկմանը, թե այս տարվա առաջին «ջրոցին» տեղի ունեցավ հունիսի 23-ին, երբ ոստիկանությունը ջրցան մեքենա կիրառեց Բաղրամյան պողոտայի ցուցարարների նկատմամբ, Շարմազանովը նկատեց՝ կարևորը, որ ջրոցիից հետո մարդիկ սիրով բաժանվեն, իսկ Բաղրամյանի ջրոցիից հետո, ըստ նրա, մարդիկ սիրով բաժանվեցին:
Հարցին՝ կցանկանա՞ր ինքն էլ նման ջրոցիի ենթարկվել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ես 1995-ին հացադուլ եմ արել, ու երանի կտայի, որ էն ժամանակ ինձ ջրեին, այլ ոչ թե դուբինկեքով խփեին, էն ժամանակ դուբինկեքով էին խփում, իսկ հիմա բարով-խերով, քույր-եղբայր ասելով՝ սիրով տանում են»:



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ