Ոստիկանները մարդ քաշքշելու տրամադրություն չունեին

Ոստիկանները մարդ քաշքշելու տրամադրություն չունեին

«Անհրաժեշտություն ենք տեսնում համակարգից հեռացման այդ սրիկաների ու քրեական գործի հարուցման այն անձանց հանդեպ, ովքեր թե լրագրողներին, թե քաղաքացիներին․․․ այնտեղ կային աղջիկներ, կանայք, երեխաներ անչափահաս, բոլորի հանդեպ բռնություն է եղել թե ամսի 23-ին, թե ամսի 6-ին։ Սկսած հրաման տվողներից, վերջացրած հրամանը կատարողներից, պետք է պատժվեն»,- ասում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Հակոբյանը։ Ինչպես եւ պայմանավորվել էին, նախաձեռնության անդամները երեկ հանդիպեցին Շառլ Ազնավուրի հրապարակում։ Պաստառներին այն ոստիկաններն էին, որոնք Բաղրամյանում հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին բռնություն էին կիրառել ցուցարարների նկատմամբ։ «Լրագրող եմ՝ չխփել», «Խաղաղ ցուցարար եմ, բայց էլի չխփել», «Վովա, սթափվիր» գրությամբ պաստառներով երթի մասնակիցները՝ մոտ 150 հոգի, նախ գրավեցին «Մոսկվա» կինոթատրոնի աստիճանները, Մաքսիմը կարդաց երկու օր առաջ տարածված ոստիկանության հայտարարությունը՝ մի քանի ոստիկանի պատժելու մասին։ «Հարց է առաջանում․ իսկ ո՞վ է երաշխավորում, որ նույնը չի կրկնվի, ո՞վ է պատասխան տալու այն անօրինականությունների համար, ո՞վ է պատժելու անհամաչափ ուժ կիրառողներին, այդ հարցերի պատասխանները մենք չունենք։ Եվ եթե նման անտարբերություն դրսեւորվի, դա կբերի Բաղրամյան փողոց կրկին այցելության։ Այս հարցը մեզ համար նույնքան կարեւոր է, ինչքան որ հոսանքի հարցը։ Մի սարքեք երկիրը բեսպրեդել, կյանքը բումերանգ է»,- հայտարարում էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը։



Տեղից կարծիք հնչեց․ «Բայց հրամանը վերեւից է գալիս, չէ՞, ո՞ւմ ենք պատժում։ Նրանք բոլորը կամակատարներ են, հրաման կատարողներ են։ Առաջարկս էն ա, որ ռեալ նայենք, աչքներս փակում ենք, մանր հարցերին ենք նայում։ Պետք է գլխից բռնել»։
«Մոսկվա» կինոթատրոնի տարածքից սկսված երթին ուշադիր հետեւում էին «Ոսկե ծիրան» փառատոնի արտասահմանյան հյուրերը։ Ամիրյանում ցուցարարները նստեցին փողոցի մեջտեղում։ Հայտնվեց Երեւանի փոխոստիկանապետը։ «Իյա, պարոն Օսիպյա՞ն, կարոտել էինք»,- նրան դիմավորեցին սուլոցներով եւ ծափահարություններով։ Բայց փոխոստիկանապետը կատակի տրամադրություն չուներ․ «Ձեր գործողությունները դիտվում են որպես սադրիչ գործողություններ։ Ես ձեզ զգուշացրի՝ ես ձեզ կարգի կհրավիրեմ։ Ստիպված… ուզում եք բախում սարքել ոստիկանների հետ։ Չեք կարողանում ուշադրություն գրավել ձեզ վրա, փորձում եք ոստիկանների հետ բախում ստեղծել… Հիմա լսեք ինչ եմ ասում․ յուրաքանչյուրդ համապատասխան պատասխանատվություն եք կրելու»։



Մինչ Օսիպյանը «դաստիարակչական աշխատանք» էր տանում, բարձրացրին նրա նկարը՝ «Պատժել» գրությամբ։ «Այսպես հպարտ պահեք իմ նկարը»,- արձագանքեց նա։ Նստացույցը տեղափոխվեց հրապարակ, Օսիպյանի նյարդերը տեղի տվեցին․ «Գիտեք ինչ, դուք ուզում եք ժողովրդին կոչ անեք, որ գան փողոց, այ, սա է։ Եթե ձեզ թվում է, որ քրեական գործ այսօր կհարուցվի, մարդիկ վաղը կպատժվեն, չարաչար սխալվում եք... Այսօր ոստիկանությունը չի ուզում որեւէ մեկի հանդեպ քաշքշուկ ստեղծի»։ Բայց հրամայեց հրապարակ բերել երկու մեծ մեքենաներով ոստիկաններին, իբր՝ եթե չգնաք, ձեզ կտանեն։ Սակայն տեսնելով, որ երիտասարդները չեն հեռանում, իրենք գնացին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները 30 րոպե «հանգստանալուց» եւ ոստիկաններին անհանգստացնելուց հետո շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, հանձնեցին իրենց պահանջ-նամակը, եւ բողոք-երթն ավարտվեց։