Մի պաշտոնանկության պատմություն

Մի պաշտոնանկության պատմություն

Արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ոչ այն է՝ պաշտոնանկությունը, ոչ այն է՝ իր դիմումի համաձայն հեռանալը, ոչ այն է` ավելի լավ պաշտոնի գնալու հավանականությունը ոմանց համար երեւակայությունը բորբոքելու եւ մտքին զոռ տալու լավ առիթ է դարձել: Իշխանությունները չեն շտապում մեկնաբանել, թե ինչն ինչոց է, իսկ եղած կցկտուր, նույնիսկ իրարամերժ տեղեկություններն էլ բավարար չեն պատկերացում կազմելու համար, թե ինչու հանկարծ նման բան տեղի ունեցավ: Սրանից էլ լավ առի՞թ, հայտարարելու համար, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից առաջ վերադասավորումների մեկնարկ է տվել:



Իսկ Հովհաննես Մանուկյանը խանգարո՞ւմ էր սահմանադրական բարեփոխումներին կամ որեւէ վտա՞նգ էր ներկայացնում համակարգի համար: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար, այնքան էլ ճիշտ չէ մտածելը, թե Սերժ Սարգսյանը, նրան հեռացնելով, տապալումից ապահովագրում է ինչ-ինչ գործընթացներ կամ ամրապնդում է իր դիրքերն իշխանության բուրգում:
Կայքերից մեկն էլ պնդում է, որ արդարադատության նախարարի պաշտոնն ազատում են Դաշնակցության համար: Եթե հավատալու լինենք Դաշնակցության մասով տարածվող բոլոր նման «պնդումներին», ապա հանգիստ խղճով կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցում է Դաշնակցությանը: Իսկ թե ինչու է նման բան անում, դա էլ դեռ պետք է իրենից հարցնել:



Սոցապ, սփյուռք, կրթություն եւ գիտություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, հիմա էլ` արդարադատություն… ի՞նչ մնաց տակը: Այս բոլոր ոլորտների մասին էլ «պնդումներ» են եղել, որ տալիս են Դաշնակցությանը: Արդարադատության նախարարի պորտֆելը Դաշնակցությանը տալու «պնդումն» էլ բացատրում են ոչ այլ կերպ, քան Հովիկ Աբրահամյանին թուլացնելու Սերժ Սարգսյանի ձգտումներով: Իբր` Հովիկ Աբրահամյանն ուժեղ էր, որովհետեւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր թիկունքում կուսակցություն չուներ, եւ կթուլանա, երբ այդ պաշտոնն զբաղեցնի իր թիկունքում կուսակցություն ունեցող անձնավորություն: Այս հեքիաթին, կարծում ենք, կհավատա Հայաստանի մասին տարրական գիտելիքներ չունեցող մարդը միայն: Մեզ համար, սակայն, անհասկանալի է, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը թուլացնի Հովիկ Աբրահամյանին, մի մարդու, ով ոչ միայն իր հաղթանակներն է ապահովում, այլեւ հանդիսանում է համակարգի ներսում իշխանության սահուն փոխանցելիության կարկառուն երաշխավորներից մեկը:



Հարց կարող է առաջանալ`լավ, ինչո՞ւ Հովհաննես Մանուկյանին ազատեցին աշխատանքից: Պատասխանենք հարցով` իսկ ինչո՞ւ չմտածել, որ Հովհաննես Մանուկյանն իր տեղում չէր, եւ սխալը գալիս է Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում նշանակելուց: Բացառվո՞ւմ է, արդյոք, որ Մանուկյանը չէր պատկերացնում համակարգը կամ չէր կարողանում խաղալ ընդունված կանոններով: Եթե մի պահ վերհիշենք Տիգրան Սարգսյանի հրաժարականին հաջորդած տրագիկոմեդիան, եւ այն, թե ինչպես ձեւավորվեց այս խայտառակ կառավարությունը` մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից սկզբունքով, ապա չի կարելի բացառել նաեւ կադրային սխալի հանգամանքը: Իսկ սխալն սկսվեց Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից ազատելով: Երեւի շատ էին ուզում, որ նոր կառավարությունը Տիգրան Սարգսյանի կառավարության copy-past տարբերակը չլինի, եւ հարմար նկատեցին իրենց ամենահավատարիմ մարդկանցից մեկին` Հրայր Թովմասյանին հեռացնել, որ նեղացող չլինի: Եվ հիմա, երբ պետք է սրբագրել սխալը, չի բացառվում նաեւ Հրայր Թովմասյանի վերադարձը հարազատ տարերք, մանավանդ, որ ԱԺ-ում նա իրեն դրսեւորել չկարողացավ: Ինչպես ասում են` նոր պաշտոնը շատ նեղ եկավ վրան:



Արդարադատությունն այն ոլորտներից է, որի հանդեպ խիստ զգայուն են եվրոպական կառույցները: Հետեւաբար, այդ ոլորտի ղեկավարից պահանջվում է նաեւ եվրոպական կառույցների հետ աշխատանքի լուրջ փորձ: Նա պետք է լինի մի մարդ, ով ոչ միայն կկարողանա քողարկել մեր արդարադատության խայտառակ վիճակը, այլեւ մի բան էլ բարեփոխումների գործընթացի իմիտացիա ապահովել: Մենք դա կզգանք նոր նախարարի նշանակումով, երբ քրեակատարողական հիմնարկներում «ռեմոնտ» սկսեն` պատերը սպիտակեցնեն, նոր մահճակալներ դնեն, ընթերցարաններ բացեն, «վայ-ֆայ» ապահովեն եւ այլն, եւ այլն: Հովհաննես Մանուկյանը, մեր կարծիքով, այս խնդիրներում աչքի չէր ընկնում նկատելի ակտիվությամբ, իսկ ՔԿ հիմնարկներ էլ այցելում էր խիստ հազվադեպ, այսպես ասած` իրեն հարմար ժամերի միայն:



Մարդու հետեւից վատ բան ասելն ընդունված չէ, մանավանդ, որ այդ մարդը մի կարճ ժամանակ է միայն պաշտոնավարել: Ուստի ոլորտում խնդիրների կուտակման մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ Մանուկյանին այդ պաշտոնում նշանակողները, դիցուք` Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը: Հենց այս պատճառով էլ մենք համամիտ չենք Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունն ուռճացնելու կողմնակիցների հետ: Հավատացեք, շատ ծիծաղելի է, երբ սա ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ շախմատային պարտիայի կարեւորագույն քայլերից մեկը:
Ազատեցին` գնաց: Անցած լինի, թե չէ` գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն…