Ելքը` նոր ընտրություններ

Ելքը` նոր ընտրություններ

Այսօր արդեն անհնար է Հայաստանում գտնել մեկին, ով կպնդի, թե մենք Ազգային ժողով ունենք: 2012 թվականին ձևավորված ԱԺ-ն ուղիղ երեք տարի անց այնպես է ձևախեղվել, որ նրա հետագա աշխատանքը որպես ընտրողների կամքով ձևավորված մարմին, դարձել է անիմաստ, եթե չասենք` վտանգավոր:



ԱԺ պատկեր, դիմանկարի առումով, գոյություն չունի, ֆրակցիաները, հայտնի չէ, ինչով են զբաղված, մեծ թվով պատգամավորներ պատկերացում անգամ չունեն իրենց խորհրդարանական կարգավիճակի մասին` որ ֆրակցիայից են, ինչու են այդ ֆրակցիայից, որն է իրենց անելիքն ընդհանրապես: Իսկ պատգամավորների մի ահռելի զանգված էլ ԱԺ է գնում գործի գնալու համար ընդամենը: Մեծ հաշվով` չկա կոալիցիա և չկա ընդդիմություն, ինչը միանգամայն հասկանալի է դարձնում այս ԱԺ-ի ավելորդությունը:



Առաջարկս հետևյալն է` ցրել ԱԺ-ն և երկու տարի ավելորդ 131 բերան չկերակրել մեր երկրի խեղճուկրակ բյուջեից: Եվ ամենևին կարիք չկա ԱԺ-ում առկա քաղաքական ուժերից նոր կոալիցիա կամ նոր ընդդիմություն ձևավորելու, որովհետև դա կլինի արհեստական վերադասավորություն, ինչի պահանջը հայ ընտրողը չի դրել իր ընտրյալների առջև:
Դիցուք` ՀԱԿ-ի ընտրողը ՀԱԿ դեպուտատներին չէր պատգամել ԲՀԿ-ի հետ խաղեր տալ, Նիկոլ Փաշինյանին չէր ընտրել, որ նա մանդատ ստանալուց մի կարճ ժամանակ անց դորս գա ՀԱԿ-ից և վերջում էլ նոր կուսակցություն հիմնի, Հրանտ Բագրատյանին չէր ասել` ՀԱԿ-ը թողած` վարչապետի մեկուսի խորհրդական դառնալ, ԲՀԿ-ի ընտրողը նույնիսկ մտքով չի անցկացրել, որ մի օր պարոն Ծառուկյան Գագիկը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարթակ կբարձրանա, այն էլ` ՀԱԿ-ԲՀԿ-"Ժառանգություն" դաշինքի ղեկավարի դերում, ՕԵԿ-ի ընտրողները, Արթուր Բաղդասարյանի թռի-վռի բարոյական վարքը իմանալով հանդերձ` չէին սպասում, որ ՕԵԿ-ը ՙկելնի Սերժ Սարգսյանի դեմ՚, որովհետև Սերժ Սարգսյանի առաջ ՕԵԿ-ի 2012-ի սողքը ավելի քան համոզիչ էր: "Ժառանգության" մասին էլ թույլ տվեք լռել, որովհետև այս կուսակցության ու այս ֆրակցիայի ներքին հակասություններից նույնիսկ իրենք գլուխ չեն հանում:



ԱԺ դեմքը համատեղ ուժերով փրկել չեն կարող նաև ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Նույնիսկ եթե այս երկուսը հռչակեն նոր կոալիցիա (ինչը խիստ անհավանական է), իսկ մյուսները դառնան ընդդիմություն, միևնույն է, մենք կունենանք արհեստական ԱԺ, որը չի արտահայտի ընտրողների կամքը:



Քաղաքական ուժերի վերադասավորում, ինչ-ինչ գործընթացների բերումով, միշտ էլ հնարավոր է: Բայց, ախր, Հայաստանում այնպիսի գործընթացներ տեղի չեն ունեցել, որոնք ՀԱԿ-ին պարտադրեին մտնել պարոն Ծառուկյան Գագիկի գրպանը, ՕԵԿ-ին ստիպեին լքել կոալիցիան կամ ԲՀԿ-ին կանգնեցներին պառակտման և իր ընտրողին վերջնականապես հոսախաբության հասցնելու փաստի առաջ: Այն ինչ 2012-ից սկսած Հայաստանում տեղի է ունեցել ներքաղաքական և հասարակական գործընթացների անվան տակ, ըստ էության ձևականություն է եղել և ուրիշ ոչինչ:



Տպավորությունն այնպիսին է, որ մեկը վերևից վերադասավորում է գրեթե բոլոր քաղաքական ուժերին ըստ իր հայեցողության և ճաշակի: Այդ գործը սակայն, պետք է անի ժողովուրդը` ընտրությունների միջոցով` ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրի, տված խոստումների ու քարոզչության:



Ստեղծված ներքաղաքական իրավիճակի բուն մեղավորը ՀՀԿ-ն է` իր մենիշխանությամբ: Այս կուսակցությունն իր ունեցած լծակներով (պետական և ոչ պետական) գործունեության դաշտ չի թողնում մյուսների համար: Մյուսներին բաժին է հասնում միայն խոսելը, ու, թերևս, դա է պատճառը, որ հասարակության մեջ հավատ ու վստահություն չի մնացել քաղաքական ուժերի նկատմամբ: Ավելին, ՀՀԿ-ն նույնիսկ սկսել է հասարակական շարժումներ առաջացնել ու ղեկավարել դրանք, ինչը մենիշխանության, այս դեպքում` ինքնագլխության ցուցիչ է: Էլեկտրականության թանկացման դեմ շարժումը, "Դեմ եմ"-ը, "Չենք վճարելու 150 դրամ"-ը, զանազան այլ մանր-մունր շարժումներ, որոնք ավարտվեցին "Տարոն ջան, սիրուն չի" նախադասությամբ, հուշում են, որ մեր կյանքը վաղուց թատրոնի է վերածվել քաղաքական ուժերի դերակատարության զրոյականացման արդյունքում:



Ելքը, թերևս, կրկին փորձելն է: Նոր ընտրություններ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ միասին` չսպասելով 2017-ին: Նորմալ ընտրությունները կարող են լավատեսության հիմք դառնալ, հույս ներշնչել, որ ժողովուրդն իր կամքով կկարողանա ձևավորել մի իշխանություն, որից, գոնե, այսքան զզված ու հիասթափված չի լինի: