Ջիվանու օրն ու տուն թանգարանի հիմնարկեքը՝ Կարծախում (լուսանկարներ)

Ջիվանու օրն ու տուն թանգարանի հիմնարկեքը՝ Կարծախում (լուսանկարներ)

Հուլիսի 25-ին Ջավախքի Կարզախ գյուղում ամենամյա հերթական սպաված տոնն էր․ կարծախցիները նշոիմ էին իրենց գյուղի ծնունդ, մեծանուն աշող Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) օրը։ Այս տարի, սակայն, տոնն առանձնացավ մի կարևոր ու նշանակալի իրադարձությամբ․ տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը։ Ջավախքի շրջանների ղեկավարության, ՀՀ-ից և Թիֆլիսից ժամանած մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ և այդպիսով հայտարարվեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս ամենի նախաձեռնությունը Ջավախքին աջակցություն հիմադրամինն էր։



Հատկանշական է, որ տուն-թանգարանում մինչև վերջերս բանկվող է եղել, և այս տարի տան տերերը որոշել են նվիրաբերել իրենց ապուպապի՝ աշուղ Ջիվանու տունը՝ թանգարան կառուցելու համար։ Նրանք նաև արգելել են, որ իրենց բարեկամուհին, ով մինչ այդ բնակվում էր այս տաը, վաճառի այն այլ ազգանուն ունեցող որևէ մեկի․ վաճառելու դեպքում միայն Ջիվանու տոհմից որևէ հետնորդ պետք է գներ այն, այդպես էին իրենք իրենց մեջ որոշել Ջիվանու տոհմի ներկայացուցիչները։



«Մենք էստեղ չենք ապրել, մենք Երևան ենք ապրում, էս մեր պապի տունն է։ 10 տարի առաջ՝ 2005 թվին ես Երևանից իմացա, որ էս տունը վաճառվում է։ Իմանալուն պես՝ ես մեքենան նստա ու, ոնց որ խելագարված, քշեցի եկա գյուղ ու տեսա, որ հորեղբորս կինը, ով ապրում էր էս տանը, վաճառել է էս տունը հարևաններին, փողն էլ դեռ չէր առել։ Ասի՝ ա՛յ հողոբկին, դու էս տունը ո՞նց կվաճառես, ու՞մ տունը կվաճառես, էսիկ մեր պապի տունն է, էսիկ վաճառելու տուն չէ։ Ինչքա՞ն փող ես ուզել, ըսավ՝ 2000 դոլար։ Ըբա ուրիշ ազգը մեր տանը ի՞նչ գործ ունի, որ գա մեր պապի տունը նստի։ Ես հենց որ տունը գնբել եմ, իրեն ասել եմ, որ էս տունը պիտի շինենք թանգարան»,-մեզ հետ զրույցում պատմեցին տան տերերը՝ Սպրիդոն Բանգոյանն ու իր կինը։



Նրանք նշեցին, որ իրենց որդիները խոշոր գործարարներ են, բիզնեսներ ունեն Հայաստանում և Ռուսաստանում, և իրենք իրենց գյուղի՝ Կարծախի համար շատ բան են արել, դպրոցին օգնություն են հատկացնում, օգնում են կարիքավոր ընտանիքներին, ամեն տարի սեպտեմբերի 1-ին նվերներ են տալիս դպրոցականներին, ճանապարհներ են սարքել գյուղում, Ջիվանու օրերը տարիներ շաունակ իրենք են հովանավորում, որ անցկացվի պատշաճ կարգով և այդպես շարունակ։ Եվ իրենք դա, ըստ Սպիրիդոն պապի և նրա կնոջ, անում են իրենց խղճի հանգստության համար, որ քանի դեռ իրենք ունեն որոշակի նյութական հնարավորություն, ուրեմն որքան կարող են պետք է օգնեն իրենց հարազատ ծննդավայր Կարծախին ու կարծախցիներին, նաև վառ պահեն իրենց տոհմի անվանի աշուղ Ջիվանու անունն ու հիշատակը գյուղում։



Նրանք ցույց տվեցին մեզ ամբողջ տունը, որը երկու մասից էր բաղկացած, մեկը հենց Ջիվանու ապրած տունն էր, որտեղ ծնվել ու մեծացել է նա, մյուսը կառուցվել է ավելի ուշ, որտեղ էլ բնակվում էր մեր զրուցակից հորեղբկոր կինը, ով միայն վերջերս է լքել տունը, սակայն շարունակում է բնակվել գյուղում։ Տունը թանգարանի վերածելու համար շատ աշխատանք պետք չէ, ընդամենը տանիքի ամրացման ու մի քնաի այլ ռեստավրացիոն աշխատանքներն են հարկավոր, մնացած ամբողջությամբ՝ իր տեսքով ու հնությամբ, պահպանվելու է։ 




Տուն թանգարանի հիմնարկեքի արարողությունից հետո արդեն բլրի վրա կառուցված բեմին տեղի ունեցավ բուն միջոցառումը, որտեղ ելույթ ունեցան տարբեր պարային խմբեր, Թովմաս Պողոսյանի աշողական երգի անսամբլը, Ջավախքի Բարալեթ գյուղից ժամանած մանկական պարի խումբը։ Ջիվանու հայտնի ստեղծագործություններից արտասանեց ջավախքցի գրող Գևորգ Հայասան, իսկ Հայաստանից ժամանած երգիչ, Ջիվանու երգերի լավագույն կատարող Գրիգոր Սաֆարյանն էլ կատարեց Ջիվանու հայտնի ստեղծագործություններից մեկը՝ Ձախորդ օրերը։



Գևորգ Հայասան Hraparak.am-ի հետ զրույցում ցուցադրեց նաև Ջիվանու քնարի կրկնօրինակը, որը ինքն է իր ձեռքեով պատրաստել նույնությամբ, և այն պատրաստվում է որպս նվիեր հանձնել Ջիվանու տուն-թանգարանին։



«Ես հիշեցի Ջիվանու մանկությունը՝ մայրակարոտ, որբ։ Ջիվանին, երբ հորթարած է եղել, մոր կարոտը սրտում երգել է, և քնար չի ունեցել, ծառի կեղևից ու ձիու մազերից քնար է պատրաստել, որ նվագի դրանով։ Ես ուզում էի ժողովրդին ցույց տալ, որ ահա Ջիվանու քնարը, որը ինքը ժամանակին չի ունեցել, ես որոշեցի պատրաստել, և ես այս փոքրիկ նվերը մեծ ուրախությամբ կներկայացնեմ Ջիվանու տուն-թանգարանին»,-ասաց նա՝նշելով, որ եկող տարի՝ Ջիվանու 170-ամյակին, երբ տուն թանգարանն էլ պատրաստ կլինի, Ջիվանին ըստ արժանվույն կներկայանա աշխարհին։



«Ջիվանին պահում է այս գյուղը, Ջիվանու անունը պահում է Ջավախքը ջավախքավարի, հայավարի, հայրենասաիրաբար, հայաբար։ Փառք Աստծուն, որ ստեղծել Ջիվանի և Ջիվանիներ»,-իր խոսքը եզրափակեց Գևորգ Հայասան։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ