«Հրապարակի» դեմ հետապնդումների նոր ալիք

«Հրապարակի» դեմ հետապնդումների նոր ալիք

Վերջին երկու ամսում երկու անգամ «Հրապարակի» ֆեյսբուքյան էջը կոտրել-ոչնչացրել են։ Առաջին անգամ մենք դա վերագրեցինք ֆեյսբուքյան անհեթեթ կանոններին՝ իբր կոնկրետ մարդու լուսանկարի բացակայությունը էջի գլխադիրում ֆեյսբուքը դիտել է որպես ֆեյք-էջի ապացույց եւ փակել է այն։ Իբր ֆեյսբուքի անհայտ-անանուն ղեկավարությունը դեմ է օգտատերերի անհայտ-անանուն գործունեությանը եւ իր տիրույթը մաքրում է կեղծ, ստահոդ, վարկաբեկիչ, անանուն նյութեր տարածողներից։ Գուցե հավատայինք ՖԲ ազնիվ մտադրություններին եթե սոցիալական այս ցանցի տարածքում չվխտային անհայտ-անանուն-վտանգավոր-հայհոյախոս-զրպարտիչ էջեր-պրոֆիլներ- օգտատերեր։ Կհավատայինք, եթե տարբեր լրատվամիջոցների, կազմակերպությունների, հորինված անունների, մականունների, աննկար օգտատերերի առատության չհանդիպեինք ամեն օր, որոնք անարգել ու առանց գրաքննության գործունեություն են ծավալում ֆեյսբուքյան անպատժելի-անկառավարելի տարածքում։



Այս Բերմուդյան եռանկյունի հիշեցնող սոցցանցից գլուխ հանողները մեզ ավելի խելամիտ բացատրությունը ներկայացրեցին՝ օգտվելով ֆեյսբուքի օգտագործման կանոններից որոշ անձինք «ռիփորթներ»՝ բողոքներ են ուղարկում ինչ որ էջերի դեմ։ Ընդ որում՝ բողոքները պետք է լինեն զանգվածային եւ «համոզիչ»։ Ասենք՝ որ տվյալ էջից սպամ են ստանում, ինչը վնասում է համակարգիչներին ու իրենց գործունեությանը։ Կամ՝ տվյալ էջը զրպարտչական նյութեր է տեղադրում, որոնք ոտնահարում են իրենց իրավունքները։ Կամ՝ պոռնո է տարածում, ինչը չի խրախուսվում ՖԲ ղեկավարության կողմից եւ այլն։ Եթե այս «արշավն» իրականացվում է մտածված եւ նպատակային՝ գրագետ տեխնոլոգների միջոցով, ապա նպատակին հասնում են՝ տվյալ էջը վերանում է ՖԲ տարածքից։ Օգտատերն, անշուշտ․ կարող է նոր էջ բացել՝ անգամ նոր անունով, բայց «ընկերների» համապատասխան քանակ հավաքելը ժամանակ կխլի։ Ահա սա է այս ծրագրի թաքուն եւ ոչ այնքան խելացի իմաստը։
Այժմ դառնանք «Հրապարակի» ՖԲ էջի ճակատագրին։ Այս ծրագիրն իրականացնողները կարծում են, որ մեր էջը փակելով մեզ «ահռելի վնաս» կպատճառեն, քանի որ ըստ տարածված տեսակետի՝ ինտերնետ էջերի գերակշռող մասի այցելուներն ապահովում է ֆեյսբուքը, որտեղ ողջ օրն աննպատակ թափառող, պարապ մարդիկ իրենց պատին որեւէ հոդվածի լինք տեսնելով են միայն մտնում տվյալ կայքն ու կարդում նշված հոդվածը։ Մեր դեպքում փոքր ինչ այլ է՝ մեր ընթերցողների 80 տոկոսից ավելին ՄԵՐ ընթերցողներն են, ովքեր hraparak.am մտնում են հենց «Հրապարակի» նյութերը կարդալու համար։ Ովքեր կարդացել են ու կարդալու են hraparak.am, անկախ նրանից մենք ֆեյսբուքում էջ ունենք, թե ոչ, տվյալ հոդվածի լինքն իրենց պատին տեսնում են, թե ոչ։ Բացի այդ՝ hraparak.am-ի առավելությունը նաեւ նրանում է, որ այն սոսկ ինտերնետ կայքէջ չէ, այլ «Հրապարակ» օրաթերթի կայքէջը, որի նյութերի հիմնական մասը տպագրվում է թերթում եւ տարածվում երկրում՝ 3000-ից ավելի օրինակով։ Ու եթե անգամ կայքը, ամբողջ ինտերնետը մի օր հանկարծ վերանա՝ «Հրապարակ» օրաթերթի օրինակները կպահպանվեն ու ձեռքից ձեռք կանցնեն։ Իսկ սերունդներն էլ դրանց կծանոթանան, քանի որ առնվազն մի քանի օրինակից «Հրապարակի» հավաքածուն կա մեր խմբագրությունում, հանրապետության գրադարաններում, Գրապալատում եւ բազում ընթերցողների մոտ։ Այնպես որ մեր թշնամիների ծրագիրը ոչ միայն խելացի չէ, այլեւ սակավամիտ է։



Այժմ գանք այս անհեթեթ ծրագիրն իրականացնողների ինքնությանը։ Մենք դավադրությունների տեսության կողմնակից չենք եւ երբեք ձվի մեջ մազ չենք փնտրել, բայց այս պատմությունները մեր ՖԲ էջի հետ կապված սկսվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հետ «կոնֆլիկտից» հետո։ Հիշեցնենք, որ խոսքը մի վերլուծական հոդվածի մասին է, որտեղ մենք անդրադարձել ենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հանդուրժողականության աստիճանին, նրանց եւ նրանց մերձավորների կյանքի նկատմամբ հասարակության հետաքրքրասիրությանը եւ մասնավորապես հիշատակել ենք այն հրապարակումները, որոնք ոչ այնքան հաճելի լույսի ներքո են ներկայացրել Սեյրան Օհանյանի կնոջը։ Դրան հաջորդել է դատական հայց Օհանյանի կնոջ կողմից մեր դեմ, ապա այս պարզունակ արշավը մեր թերթի, թերթի խմբագրի նկատմամբ։ Այս տարիներին մենք բազում անգամներ հայտնվել ենք բարձր պաշտոնյաների, օլիգարխների, քրեական հեղինակությունների թիրախում։ Նրանց դեմ քննադատական հոդվածների տպագրությունից հետո ենթարկվել բազում, բազմատեսակ ճնշումների։ Եւ այդ ամենը համարել ենք բնական, քանզի մեր հասարակության նշված հատվածը դեռ պատշաճ գիտակցական մակարդակ չունի քննադատությունը, սուր խոսքը, ազատ խոսքը համարժեք ընկալելու համար։ Բայց երբ պետական պաշտոնյան, պետական կառույցը իր գործունեության մի պատկառելի մասը նվիրում է մի թերթի դեմ պայքարին։ Երբ բանակի հարցերով զբաղվելը ստորադասվում է լրագրողների բերանը փակելու գործին։ Երբ պետական ռեսուրսներ են ծախսվում ոչ թե մեր պաշտպանական համակարգը ուժեղացնելու, այլ անանուն եւ տմարդի մեթոդներով մեր դեմ պայքարելու համար, չենք կարող լռել։



Մի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ ուժային կառույցների որոշ հատվածներ զբաղված են ֆեյսբուքյան «պղտոր ջրում» մեծ գումարներ ու էներգիա ծախսելով։ Ընդ որում, ուժայինների ֆեյքերին բացահայտելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Դրանք երբեմն նաեւ բացահայտվում են՝ փակվում, նոր էջեր բացում՝ հատուկ իրենց շեֆերի թշնամիներին «հակահարված» տալու, նրանց եւ նրանց ընտանիքների անդամների շահերը պաշտպանելու համար։ Գիտենք, որ այս ինֆորմացիային հրաշալի տիրապետում է ԱԱԾ-ն եւ նրա միջոցով նաեւ հանրապետության նախագահը ու եթե իշխանությունը հանդուրժում է այս վիճակը կնշանակի սա գործող իշխանությանը, այսօրվա պետությանը ձեռնտու վիճակ է։ Երբ մարդիկ ոչ թե աշխատում են, այլ խանգարում ուրիշներին աշխատել։ Երբ պետական միջոցները ծախսվում են անձնական փիառի վրա։ Երբ պատվերով զրպարտությունն ու վիրավորանքը ոչ թե ԶԼՄ-ներն են տարածում, այլ պետական կառույցների ներկայացուցիչներն ու նրանց ֆեյքերը։ Երբ ոչ թե լավ աշխատանքով են փորձում աչքի ընկնել, այլ իրենց դեմ բացասական հրապարակումների դեմն առնելով, լրագրողների բերանը փակելով։ Ինչը զգուշացնում ենք՝ չի ստացվելու։



«Հրապարակ»