Ծեծի դեպքով սպասում են քաղաքական որոշման

Ծեծի դեպքով սպասում են քաղաքական որոշման

«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքով հարցաքննվել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առեւանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել: Արսեն Ավետիսյանը մասամբ է ցուցմունք տվել, քանի որ նրա քիթը «գիպսի» մեջ է, դեռ չի կարողանում հստակ խոսել, քիչ բան է պատմել իրավապահներին: Փոխարենը, երկար եւ հանգամանալից ցուցմունք է տվել նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը: Նա եղել է Ջերմուկում, Արսեն Ավետիսյանի եղբորից է իմացել դեպքի մասին եւ անմիջապես ահազանգել է ոստիկանություն, լրատվամիջոցներին: Դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար: Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի՞, թե՞ ոչ, ի՞նչ հոդվածով, եւ ովքե՞ր կանցնեն գործով՝ միայն թիկնապահնե՞րը, թե՞ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս հարցով քաղաքական որոշում երեկվա դրությամբ դեռ չի կայացվել, սակայն երկար սպասել չեն տա՝ առաջիկայում հստակություն կմտցվի: Հետաքրքիր է նաեւ մեկ հանգամանք եւս․ «Էյր Արմենիայի» տնօրենի անվտանգությունը պահպանում է «Արմմոբիլը»: Սա հենց այն ծառայությունն է, որը ֆուտբոլային խաղերի ժամանակ ապահովում է անվտանգություն, եւ որի օրոք մի շարք «չեպեներ» են արձանագրվել, վերջին թարմ դեպքը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի խաղադաշտ դուրս գալն է, իսկ դրանից առաջ՝ 2013թ․, Հայաստան-Չեխիա խաղը, երբ մի շարք տոմս ունեցող ֆուտբոլասերներ չկարողացան մտնել մարզադաշտ: Փաստորեն ստացվում է, որ Ավետիսյանն իր անվտանգությունը վստահում է Ռուբեն Հայրապետյանի գործընկերոջը, ովքեր պաշտպանում են նրա ծեծածին: