Սամվել Բալասանյանը հիասթափեցրեց

Սամվել Բալասանյանը հիասթափեցրեց

Լիտվայի մայրաքաղաքի տոնի օրը ծանոթս, մատնացույց անելով հայկական տաղավարի մոտ կանգնած մարդկանցից մեկին, ասաց՝ տես, Վիլնյուսի քաղաքապետն է: Բոլորի նման հերթ է կանգնել հայկական քյաբաբ համտեսելու համար:



Այս դեպքը չէի հիշի, եթե օրերս, Գյումրիում հանգստի գոտու բացման ժամանակ, քաղաքապետ Բալասանյանի կատարմամբ մեկ այլ դեպքի ականատեսը չլինեի:
Հանդիսավոր արարողությունը, որ նախատեսված ժամից ուշ սկսվեց՝ Սամվել Բալասանյանի ուշացման պատճառով, մի կերպ մարսվեց: Դե, քաղաքապետ մարդ է, հնարավոր է կազմակերպիչների հետ ժամը հարմարեցրել է, բայց վերջին պահին ինչ-որ կարեւոր բան է տեղի ունեցել ու նրան ետ գցել ժամանակացույցից: Բայց այն, ինչ տեղի ունեցավ քաղաքագլխի ժամանմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղքենության ցայտուն դրսեւորում, սեփական ժողովրդի նկատմամբ տարրական հարգանքի բացակայություն եւ արհամարհանք:



Ուրեմն՝ լսելով, որ քաղաքապետը մոտենում է, կազմակերպիչների խումբը, աղուհացով աղջկա հետ, մոտեցավ փողոցի սկզբնամասին՝ համայնքի ղեկավարին «հավուր պատշաճի» դիմավորելու համար: Ինչպես արդեն ասացի՝ Սամվել Բալասանյանը բավականին ուշացավ: Դիմավորողներն ու աղուհացով աղջիկը, հոգնած ու տանջված, կիզիչ արեւից մի լավ եփված, չհեռացան ծառի տակ պատսպարվելու, համառորեն մնում էին կիզիչ արեւի տակ, ինչ է թե՝ քաղաքապետին աղուհացով դիմավորելու արարողակարգի մեջ վրիպումներ թույլ չտան:



Ու հանկարծ հայտնվեց քաղաքապետն իրեն ուղեկցող մեքենաներով: Եվ, այ քեզ արհամարհանք, կանգնեց ոչ թե իրեն դիմավորելու համար «վիզ դրած» ու աղուհացով աղջկա մոտ, այլ ժողովրդի միջով սուրաց հանգստի գոտի եւ կանգ առավ նորակառույց ռեստորանի առաջ:



Բայց իրեն դիմավորողներն ու աղուհացով աղջիկն ավելի համառ էին, վերջինս, ի դեպ՝ բարձրակրունկներով, սկսեցին մարաթոնյան վազքով քաղաքապետին հետապնդել: Մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից, աղուհացով աղջիկն էլ՝ քրտնաթոր ու սրտնեղած՝ կենտրոնից, երբ մոտեցան «նորին մեծությանը»՝ իր իսկ տանը նրան պատվելու նպատակով, վերջինս նույնիսկ ներողություն չխնդրեց պատճառած անհարմարության համար:



Եվ չգտնվեց մեկը, որ ասի՝ ախր, այ ժողովուրդ, ինչո՞ւ եք տանտիրոջն աղուհացով դիմավորում, որ նա էլ արհամարհած ունենա ձեր վերաբերմունքը: Աղուհացն իր խորհուրդն ունի. մեր նախնիները, ի նշան հարգանքի եւ հյուրընկալության, դրանով իրենց պատվելի հյուրերին են դիմավորել: Իսկ դուք, իր իսկ տանը, պատվում եք տանտիրո՞ջը:
Ախր, ե՞րբ պետք է հրաժարվեք այդ ստրկամտությունից: Ե՞րբ պետք է հասկանաք, որ նրանք ձեր տերերը չեն, որ նրանք կոչված են ոչ թե ենթարկեցնելու, այլ ծառայելու, ընտրված են ոչ թե թագավորելու, այլ ձեր՝ ընտրողներիդ շահերն սպասարկելու համար: Նրանք տեր չեն, նրանք ծառա են:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ