Չի կարելի ժողովրդի ընտրյալից քննություն վերցնել

Չի կարելի ժողովրդի ընտրյալից քննություն վերցնել

Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծով չի բացառվում, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ հանձնեն: Ավելի ճիշտ՝ անցնեն Գողգոթայով: «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք». սա է նոր սահմանադրության 47-րդ հոդվածը, ինչը ենթադրում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է լեզվի իմացության քննություն կամ թեստ հանձնի: ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծում այս դրույթի սահմանման պատճառ է հանդիսացել այն, որ խորհրդարանում լեզվի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Սահմանադրագետը նաեւ ասել է, որ եթե քննարկումների արդյունքում այս դրույթը մնա, ապա պետք է դրա իրականացման մեխանիզմ մշակվի: Նա մատնանշել է Ղազախստանի օրինակը եւ չի բացառել, որ քննություն, թեստ կսահմանվեն ոչ միայն պատգամավորների, այլեւ բոլոր պաշտոնյաների համար:



Պարզվում է՝ հայրենի խորհրդարանի ներկայիս պատգամավորներն այնքան էլ մտահոգված չեն այս «փորձությամբ», ու նրանց ինքնավստահությունից կարելի է կարծել, որ տիրապետում են ոսկեղենիկ հայերենին, պարզպես չեն ցանկանում տեղին-անտեղին փայլել իրենց շնորհքով: Մեր հարցախույզը հնարավոր չեղավ ընդլայնել, որովհետեւ նրանցից շատերը դեռեւս վայելում են վաստակած հանգիստը, բայց խոսեցինք մի քանիսի հետ:



Ազգային ժողովի ամենաունիկալ հայերենով պատգամավորը՝ Առաքել Մովսիսյանը, որի բերանից միայն կարելի է հայհոյախառն վանկարկումներ լսել, ամենաինքնավստահն է այս հարցում: «Ով հայոց լեզուն չգիտի, թող նա սովորի: Ճիշտ էլ անում են, ես պրոբլեմ չունեմ»,- ասաց Շմայսը մեր զրույցում։ Երբ շարունակեցինք հարցեր տալ, պատգամավորը ցուցադրեց փայլուն հայերենի իմացությունը. «Արա, լավ, էլի, ի՞նչ եք սաղդ ընգել հետեւիցս, ով ուզում ա պատգամավոր դառնա, ով չի ուզում, գնա իրան հարցրա»: Ենթադրեցինք, որ Շմայսը հույս չունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը տեղ է ունենալու։
«Տիգրան Մեծ» տպարանի սեփականատեր, ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանն ասում է. ինքը կուզենար, որ բոլոր պատգամավորները գրագետ լինեին, ուստի դեմ չէ այդ նորամուծությանը. «Պատգամավորը պետք է լինի գրագետ եւ կիրթ»: Այսօրվա խորհրդարանի կազմից քանի՞սն առանց կաշառքի կհաղթահարեն այդ փորձությունը: «Չեմ կարող ասել,- անկեղծորեն մտածմունքների մեջ ընկավ Մարկոսյանը, հետո իրավիճակը փրկեց:- Չէ, դե 99 տոկոսը կհաղթահարի: Ես հենց հիմա թերթ եմ կարդում, եթե մարդն օրեկան 1 ժամ կարդա, երեւի անտառասխալ կգրի»:



Ի դեպ, հայերենում «օրեկան» չէ, այլ՝ «օրական»։ Օրինակ՝ Առաքել Մովսիսյանին, Սամվել Ալեքսանյանին կամ մյուս մականունավորներին կարելի՞ է պատկերացնել կարդալիս, հարցրինք Վրեժ Մարկոսյանին, ով գործընկերներին «փուռը չտալու համար» սահուն շրջանցեց հարցը: «Ես, օրինակ, կարող եմ պարզ, համառոտ նախադասության կազմությունն ասել, որ բաղկացած է ենթակայից ու ստորոգյալից: Բայց բարդ ստորադասականը չեմ կարող, բայց կարող եմ բայն էլ ասել, դերբայն էլ»,- պնդեց նա՝ հայտարարելով, որ թեստի 90 տոկոսը կհաղթահարի: Ի դեպ, նա նկատեց, որ դեռ միանշանակ չէ՝ նոր մոդելի եւ, հետեւաբար, նոր ընտրակարգի անցում կլինի՞, թե՞ ոչ. «Դեռ քննարկումներ են, ճիշտ է՝ իշխանությունն ընտրել է, բայց տեսնենք՝ քննարկումների փուլում կանցնի՞, թե՞ ոչ»: Մարկոսյանն անձամբ կողմ է, որ անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրակարգին. «Թե չէ՝ գյուղերում իրար թշնամի են դառնում ընտրություններից հետո»:



Գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ ինքն անձամբ չի կարդացել այդ դրույթը եւ ճշգրիտ տեսակետ հայտնել չի կարող. «Ընդամենը կարող եմ ասել, որ ես կրթություն ունեմ, Պոլիտեխնիկն եմ ավարտել, հայերենից էլ վատ չեմ, եթե նման բան լինի, ես խնդիր չունեմ»:



Պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ, որը թվում էր, թե հայերենի վատ իմացությամբ աչքի չի ընկնում, զարմանալիորեն կողմ չէ այս նորամուծությանը. «Ես առանձնապես դրական չեմ վերաբերվում այդ նորմին, որովհետեւ, վերջիվերջո, պատգամավորներին ընտրում է ժողովուրդը: Եթե ժողովուրդը գտնում է, որ որեւիցե պատգամավոր արժանի է, եւ ինքը նրան ընտրում է, նման մարդու վրա դնել այդպիսի ցենզ, մի փոքր խրախուսելի չէ: Ես ամբողջ աշխարհում նման նախադեպի մասին չգիտեմ, գուցե հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են՝ գիտեն: Իհարկե, հասարակությունը ոգեւորված կլինի դրանից...»: Նիկոյանին հիշեցրինք ընտրական ավանդույթների մասին: «Տեսեք, եթե ասեն՝ եկեք այնպես անենք, որ ընտրությունը լինի արդար, թափանցիկ, ես դրան կողմնակից կլինեմ, բայց որոշումը՝ ում պետք է ընտրել, դա ժողովրդինն է: Ինչ-որ մեկն առաջադրումներից առաջ պետք է քննությո՞ւն վերցնի, հիմի էլ պետք է մտածենք՝ արդյոք տեստերը ճի՞շտ են կազմվել, արդյոք օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ: Մի բարիեր ենք դնում, որ հետո մտածենք՝ արդարացի՞ էր, թե՞ ոչ»: Իսկ Նիկոյանին դո՞ւր են գալիս իր ոչ գրագետ գործընկերները. «Պատգամավորը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ժողովուրդը նրան ընտրում է»։