ՀՀԿ-ն այսօր հավանաբար կանդրադառնա Ավետիսյանի ծեծին

ՀՀԿ-ն այսօր հավանաբար կանդրադառնա Ավետիսյանի ծեծին

Վերջին օրերին լրատվամիջոցների «թոփ թեմա» դարձած «Էյր-Արմենիայի» սեփականատիրոջ՝ Արսեն Ավետիսյանի եւ ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի կոնֆլիկտը հանգուցալուծվեց: Արսեն Ավետիսյանը հայտարարություն տարածեց հաշտություն կնքելու մասին եւ հրաժարվեց բողոքելուց։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ վերջին պահը իրավապահ համակարգում սպասում էին Սերժ Սարգսյանի որոշմանը, որպեսզի իմանան անելիքները: Օրերս կատարվող հետաքննության շրջանակներում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Այդպես կպարզվեր հասցված մարմնական վնասվածքի աստիճանը, ինչպես նաեւ ժամանակ կշահեին՝ խնդրի իրավական լուծումը որոշելու համար: Բայց ինչպես տեսնում ենք, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ արդեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն էլ էական չէ միջադեպի իրավական լուծման համար, քանի որ լուծումը պարզ է՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, կողմերը հաշտվել են: Քննության հենց սկզբում էլ, մեր տեղեկություններով, Արսեն Ավետիսյանը կցկտուր եւ մասնակի ցուցմունքներ էր տալիս, քանի որ մյուս կողմի հետ դեռ բանակցությունների մեջ էին: Այս ֆոնին ամենեւին պատահական չէ, որ իր հայտարարության մեջ «Էյր-Արմենիայի» տերը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին: ՀՀ իշխանություններն էլ իրենց շնորհակալությունը կհայտնեն Արսեն Ավետիսյանին՝ իրենց եւ Ռուբեն Հայրապետյանին հերթական անգամ մեծ խնդիրների մեջ չներքաշելու համար:
Այսօր երեկոյան կայանալիք Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կանի՝ «Էյր-Արմենիայի» սեփականատիրոջ ծեծի դեպքով: Ինչպես մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանն է հայտարարել, այսօր էլ նորից կվերահաստատեն, որ իշխանությունը դատապարտում է այդ միջադեպը, ծեծն իրենց համար անընդունելի է, բայց այս ամենը իրավական դաշտի լուծելիք հարցն է: ՀՀԿ-ի համար Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկեու հարցը այլեւս կորցնում է արդիականությունը: Այս միջադեպը մարսելուց հետո մնում է «հորով-մորով» անել «Թոխմախի Մհերի» շրջապատի կողմից ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանի ծեծի դեպքը: