Աստված էն գլխից անիծեց՝ Ծիծեռնակաբերդի տարածքում չպետք է նման բան կառուցվեր

Աստված էն գլխից անիծեց՝ Ծիծեռնակաբերդի տարածքում չպետք է նման բան կառուցվեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման եւ այնտեղ ժամանցային ուղղվածության կենտրոն ստեղծելու ՀՀ կառավարության որոշմանը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը բացասական է վերաբերվում։ Նա հիշում է, որ ժամանակին, երբ Կարեն Դեմիրճյանը նախաձեռնել էր այդ համալիրը կառուցել, ժողովուրդը բողոքեց:



«Ինչպե՞ս կարելի է Ծիծեռնակաբերդի բարձունքում տաշի-տուշիի տեղ սարքել՝ այդպես էլ գրված էր թերթում, հասկանո՞ւմ եք։ Բայց քանի որ Դեմիրճյանն ուզում էր նման բան անել, ոչ մեկին չլսեց, անցավ մի տարի, պաժառ տվեցին այդ համալիրը: Դա բողոքի մի ցույց էր, ժեստ, իսկ հիմա այն, ինչ կատարվում է, դրա հետեւանքներն են»,- ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ ինքն ի սկզբանե էր դեմ, որ դա լիներ համերգային համալիր, ստացվում է՝ մի կողմից, գնում ենք այնտեղ, սգում ենք, մյուս կողմից էլ՝ գալիս ենք համալիր ու սկսում ուրախանալ, ծափ տալ. «Հասկանո՞ւմ եք, դա մի զավեշտ է, որ մեր իրականության մեջ գոյություն ունի։ Այնպես որ, ինձ համար հիմա միեւնույն է, թե ինչ կուզեն անել, որովհետեւ դա ապօրինի բան էր, եւ ոնց որ Աստված դեռ էն գլխից անիծեց, որ Ծիծեռնակաբերդի տարածքում չպետք է նման բան կառուցվեր, մանավանդ որ ճարտարապետությունն էլ թխած էր, մի հատ գնացեք՝ Քենեդու օդանավակայանը բացեք-նայեք, բայց քանի որ Արթուր Թարխանյանը շնորհքով տղա էր, կարողանում էր օգտվել»։



Ըստ քանդակագործի, այն, ինչ հիմա կատարվում է, օրինաչափ է, ու դա մեր կյանքի, իշխանությունների գործելակերպն է. «Էն գլխից սխալն սկսվել է ու մինչեւ հիմա էլ այդ սխալը գնում է։ Հիմա մեկը կասի, թե ինչի՞ խաղահրապարակ, ինչի՞ առեւտրի կենտրոն. էդ ամեն ինչն արդեն անկարեւոր է։ Կամ այդ բարձունքում պետք է լիներ Եղեռնի հուշարձանը, կամ էլ կազինոներով նման բաներ, ամբողջ աշխարհը գալիս՝ գլուխ է խոնարհում, պսակ է դնում, հետո մտնում է այնտեղ, սկսում է համերգ լսել: Սա անթույլատրելի բան է, եւ Աստված պատժում է»։



Համալիրի վաճառքը միայն գումարի՞ դիմաց արվեց, թե՞ ոչ: Թոքմաջյանն ասում է՝ ոչ ոք չի կարող իմանալ. «Մենք պարտքի դիմաց ամբողջ էլեկտրացանցերը հանձնեցինք Ռուսաստանին, ինչի՞ մասին է խոսքը, իսկ Լենինը գիտե՞ք ինչ էր ասում. Սովետմիություն՝ գումարած էլեկտրաէներգիա՝ կոմունիզմ է: Այսինքն, էլեկտրաէներգիան, էլեկտրացանցերը շատ կարեւոր են երկրի համար, իսկ դա մենք տվեցինք օտարին, դրանից հետո արդեն միեւնույն է՝ համալիր կլինի, թե ինչ կլինի»։



Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի համար ամեն ինչ այս իրավիճակի տրամաբանության մեջ է արվել. «Այսպես պետք է լիներ, այս որակի մեջ ուրիշ տարբերակ, ցավոք սրտի, չէր կարող լինել, ամենեւին զարմանալի չէ, լսել եմ, որ կազինո էլ պետք է սարքեն, բայց Երեւանի մեջ, ինչքան գիտեմ, չի թույլատրվում։ Եթե սա լիներ քաղաքակիրթ տարածքում, իհարկե, կզարմանայի, բայց, ցավոք սրտի, այս աննորմալ վիճակը նորմալ է, որովհետեւ տրամաբանական է. եթե նախորդ բանը թույլ է տրվել, ինչո՞ւ պիտի սա թույլ չտրվի։ Սա ընդհանուր դրամատուրգիայի մեջ է, ուրիշ բան, որ դրամատուրգիան խայտառակություն է»։



Ինչ վերաբերում է 3.5 հեկտար հողատարածքին, որը տրամադրվելու է համալիրի հետ միասին, ապա. «Ծառեր էլ կհատվեն, ու կասեն, որ այդ ծառերը հատում ենք, բայց տեղը կրկնակի ավել տնկելու ենք, ինչպես շատ դեպքերում է եղել։ Այսինքն՝ կրկնվող պատմություններ են սրանք, ուրիշ բան չէր կարող լինել։ Այդ ամբողջ պատմությունը, որ մի քանի անգամ աճուրդի հանվեց ու չվաճառվեց, գինը գցեց, իջեցրեց-իջեցրեց, այսինքն՝ շատ լավ մտածված, երկարատեւ մի սցենար է գրվել դրա համար։ Հենց այնպես չէ, որ դա այսօր վաճառվեց, հենց այնպես չէ, որ այդ հսկա կառույցը վաճառվեց գրոշներով։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ սեփականատերը, ում անունն ասվում է, ինքը չէ, մենք չգիտենք ով է հետեւը կանգնած, կարող ենք ընդամենը ենթադրություններ անել։ Բայց էլի եմ ասում՝ պիեսի մեջ տեղավորվում է սա»։



Թուխիկյանը շատ լավ հիշում է այն խոսակցությունները, որ ասում էին՝ Ծիծեռնակաբերդի մոտ չի կարելի համալիր կառուցել, բայց. «Ծիծեռնակաբերդի մոտ մի հատ ռեստորան կա, որ դա էլ կառուցվեց, ու էլի այդ խոսակցությունները եղան։ Երբ Կոմիտասի պանթեոնում ինչ-որ բաներ են կառուցել՝ դատարանի շենք, չգիտեմ ինչ, այդպես պիտի լինի, սա ճիշտ նույն ձեռագիրն է, ուրիշ բան, որ դա անընդունելի է շատերի համար, բայց նրանց համար, ովքեր որ քաղաքականությունը թելադրում են, իրենց ճաշակն է, իրենց մտքի չափն է, ողբերգություն է, բայց սա է իրականությունը»։