Փիլիպոսյան եղբայրներին

Փիլիպոսյան եղբայրներին

«Դարձյալ լեզվի մասին» իմ հոդվածի մեկնաբանությամբ «Փիլիպոսյան եղբայրներ» անունով օգտատերը զարմանք է հայտնել, թե ո՞րն է ժամանակակից գրական հայերենը, մի՞թե կա նաեւ անցյալի եւ ապագայի գրական հայերեն:



Այո, եղել է անցյալի գրական հայերեն, կա ժամանակակից գրական հայերեն, լինելու է ապագայի գրական հայերեն: Եթե օգտատերը նեղություն քաշի, համեմատի, ասենք, Պռոշյանի եւ Ստեփանա Զորյանի արձակը, կտեսնի, որ երկուսն էլ գրական հայերեն են, բայց միմյանցից շատ են տարբերվում՝ բառապաշարով, ոճով, քերականական կառուցվածքով:
Նալբանդյանի լեզուն էլ գրական հայերեն է, բայց գրում է ՝ «նորան», իսկ ժամանակակից բանաստեղծը՝ «նրան»: Եւ այսպես երկար կարելի է շարունակել, օրինակներ բերել: Մեկն էլ ասեմ, բավարարվեմ. Րաֆֆին «Սամվել»-ի առաջաբանում իր երկի ժանրն անվանում է «ռոման»: Իր ժամանակ, ուրեմն, «վեպ» հասկացությունը տարածված չէր, թեեւ «վիպասանութիւնք» բառը հայերենում գրաբարի ժամանակներից է:



Թե ինչպիսին է լինելու գրական հայերենն ապագայում՝ ասել չեմ կարող: Շատ հնարավոր է, իմ անհանգստությունն անտեղի է: Եւ ապագայի գրական հայերենն այն է, ինչ այսօր ստեղծվու՞մ է: Վահան Տերյանն ըմբոստանում էր «պալտո» բառի հայացման՝ «վերարկու» ասելու դեմ: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ «վերարկու»-ն արհեստածին չէ, շատ կենսունակ բառ է:



Իսկ խնդրի լեզվաբանական բացատրությունն իմանալու համար օգտատիրոջը խնդրում եմ գտնի- ուսումնասիրի Սերգեյ Աբրահամյանի «Ժամանակակից գրական հայերեն» աշխատությունը, որ լույս է տեսել Երեւանում, 1981թ.-ին:



Վահրամ Աթանեսյան