Քաշքշոց, ապտակ, ելույթներ

Քաշքշոց, ապտակ, ելույթներ

Հանրապետության հրապարակում երեկ թեժ էր: «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամները հանրահավաքի հայտարարած ժամից մեկ ժամ շուտ հրապարակ էին բերել անվադողեր: Թվում է՝ զենք չէր, ոչ էլ ռազմամթերք, բայց ոստիկանությունն անվադողերի տեսքից կորցրեց ինքնատիրապետումն ու կտրուկ գործողությունների անցավ։ Ինչպես արվում է նման դեպքերում, նախ կազմակերպիչներին՝ Անդրիաս Ղուկասյանին ու եւս 2 անդամի բերման ենթարկեցին: Պարզվեց՝ ցուցարարներն անվադողերը բերել էին ոչ թե վառելու, այլ բեմ պատրաստելու համար: Նախաձեռնության 3 անդամներին բերման ենթարկելը հունից հանեց ցուցարարներին․ նրանք փակեցին բանուկ փողոցը, պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին։ Ոստիկաններն սկսեցին ուժով հեռացնել ցուցարարներին։ Կատաղի դեմքով մի երիտասարդ ոստիկան ապտակեց մի տարեց քաղաքացու: Սա ավելի զայրացրեց հրապարակում հավաքվածներին, նրանք սկսեցին պահանջել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որ բոլոր բերման ենթարկվածներին 15 րոպեում ազատ արձակեն: Անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար ոստիկանները բերման ենթարկվածներին բաց թողեցին։ «Հանկարծ չմտածեք, որ ոստիկանություն տանելով, ապտակելով՝ դուք ինչ-որ բանի հասնելու եք, ոստիկաններ: Վստահեցնում եմ ձեզ՝ դուք ձեր այդ գործողություններով միավորում եք պայքարող ժողովրդին»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ դիմելով ոստիկաններին: Երբ բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել, սկսվեց հիմնական հավաքը: Անդրիաս Ղուկասյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ իրենք պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչպես նաեւ ստեղծում են մի հարթակ, որտեղ հնարավոր է համախմբվել եւ իշխանափոխություն անել: «Մենք մտնելու ենք հրապարակ եւ այնպես ենք անելու, որ դրանք երկրից փախնեն»,- ասաց առաջնորդը: