Ոստիկանապետի դեմ ուղղված քայլ

Ոստիկանապետի դեմ  ուղղված քայլ

Կարդում եմ ոստիկանի ինքնախոստովանությունը և զարմանում. ասես հանրությունն ընդհանրական իմաստով Տեր Հայր լինի, ոստիկանն էլ մոլորված մի մարդ, որ մեղք է գործել և ապաշխարում է նրա ոտքերի առաջ…



«Նախևառաջ ես հայցում եմ իմ գործընկերների, հանրության, համաքաղաքացիների ներողամտությունը, որովհետև դրսևորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, գիտակցում եմ իմ կատարած սխալը և պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների համար»։



Ասես խոսքը ոչ թե պետական կայացած կառույցի, այլ ինքնագործունությամբ զբաղվող խմբավորման մի անդամի մասին է, որ կորցրած ինքնակառավարմամբ կամ զսպության բացակայությամբ կարող է ոտքի տակ տալ առաջին հերթին այն կառույցը, որը կոչված է ինքը զսպության ու աչալրջության քաղաքականությամբ զբաղվել: Անկեղծ ասած, ինքս չեմ հավատում ոստիկանի բացատրությանը.



«Ես չցուցաբերեցի համապատասխան զսպվածություն տվյալ պարագայում, որի համար նորից եմ կրկնում՝ համաքաղաքացիներից, իմ գործընկերներից, հանրությունից հայցում եմ ներողություն։ Դեպքը տեղի է ունեցել, տհաճ իրավիճակում…. իմ չզսպվածության համար»։



Նման բան լինել չի կարող, երբ տեսախցիկների առաջ տուն պահող ոստիկանը նման քայլի գնար՝ ինքնազսպությունն ու ինքնակառավարումը կորցրած: ԻՆչ- ինչ, բայց Վովա Գասպարյանի քայլերից հետո, ոստիկանության համակարգում զգույշ գործելու միտում է նկատվում:



«Ջիգյարով չափալախել ծեր մարդուն»՝ արհամարհելով սպասվելիք մեղմ ասած տհաճությունները: Անզեն աչքով նկատելի է, որ այդտեղ ինչ որ բան այն չէ: Ոստիկանին՝ ինքնազսպությունը կորցնելու առիթ չի եղել ու առանձնակի խելք պետք չի՝ հասկանալու, որ ոստիկանն այդ քայլը կատարելու համար հրահանգված է եղել: Ու՞մ կողմից. Սա պետք է պարզել: Սա ոստիկանապետի դեմ ուղղված քայլ է: Կարծում եմ երկու օբյեկտներն էլ ընտրված են եղել՝ և՛ծերունին, և՛ ոստիկանը: Թատերականացումը ավելի քան զգալի էր, մի պահ նույնիսկ ինձ թվում էր, թե սերիալ են նկարահանում:



Ոստիկանի պարտականություններն անմիջապես դադարեցնելը գործի իսկությունը կոծկող քայլ է, հարկավոր է քրեական գործ հարուցել նրա դեմ և գոնե մի անգամ բացահայտել պաշտոնյաների շուրջ կատարվող աթոռակռվի «մեծագույն խաղերը»:



Հասմիկ Բաբաջանյան