Բաղրամյանը նորից կփակեն

Բաղրամյանը նորից կփակեն

Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրազեկման երթ անցկացրին քաղաքի կենտրոնական փողոցներում։ Թռուցիկները, որոնք բաժանում էին անցորդներին, մարդկանց հրավիրում էին Ազգային ժողովին կից ամենառոմանտիկ վայրը՝ Սիրահարների այգի։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունենալիք հավաքի մասին գիտենք միայն, որ «կլինի կարծիքների փոխանակում: Հանդիպման ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի եւ գործողությունների մասին։ Բոլորի ներկայությունը շատ կարեւոր է»։ Նախաձեռնության համակարգողներից Մաքսիմ Սարգսյանն ավելին ասել չցանկացավ, նա նախընտրում է խորհրդավորությունը պահպանել․ «Դեռ չակերտները չենք բացում, այն, ինչ որ գրված է իվենթում, դա է, երիտասարդների համախմբում, այդպես է գրված, բայց նաեւ գրել ենք բազմաթիվ անգամներ, որ հոգով երիտասարդների ներկայությունը խիստ կարեւորում ենք՝ անկախ անվանումից, ու դեռ այս պահին այսքանը»։ Ֆեյսբուքյան «իվենթում»՝ հրավերում, ի դեպ, մասնակցության մասին պատրաստակամություն է հայտնել արդեն 719 մարդ։ Թե այդքան մարդ ինչպես է տեղավորվելու փոքրիկ այգում, հարցականի տակ է, ամենայն հավանականությամբ, Բաղրամյանը նորից փակվելու է մարդկանց քանակից։