Քաղաքագետը մեղադրվում է խարդախության մեջ

Քաղաքագետը մեղադրվում է խարդախության մեջ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դատական առաջին նիստը։ Այն սկսվեց 30 րոպե ուշացումով, եւ քանի որ տուժող կողմերը չէին ներկայացել, դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 8-ը։ Հիշեցնենք, որ քաղաքագետը մեղադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 31, 144, 295, 303, 310 եւ 313-րդ հոդվածներով։ Սուրեն Սուրենյանցը, ով կալանավորված է, երեկ ներկայացել էր առանց փաստաբանի։ Ըստ նախնական որոշման, քաղաքագետի խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը, սակայն նիստերին չներկայանալու պատճառով խափանման միջոցը փոխվել է՝ ընտրել են կալանավորումը։ Ըստ մեղադրանքի, «Սուրիկ Սուրենյանցը խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ եւ 454 հազար 286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484 հազար 286 ՀՀ դրամ գումար»: Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձեւակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին եւ վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել եւ 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից Երեւան քաղաքի Պարոնյան 6 հասցեում, ապա Երեւան քաղաքի Պարոնյան փողոցում գործող «Գենացվալե» ռեստորանի դիմաց նրանից վերցրել է համապատասխանաբար 400 հազար եւ 800 հազար ՀՀ դրամ գումար եւ խաբեությամբ հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1 մլն 200 հազար ՀՀ դրամ գումարը։ Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին եւ Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել եւ 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»։