Էջմիածնում մեքենաների անիվները ծակում են

Էջմիածնում մեքենաների անիվները ծակում են

Օրեր առաջ, ծանոթներիցս մեկի հետ որոշեցինք այցելել Մայր Աթոռ: Պայմանավորվեցինք հանդիպել Էջմիածնի Կոմիտասի հրապարակի հարեւանությամբ գտնվող պատկերասրահի մոտ: Ծանոթս փոքր-ինչ շուտ էր եկել եւ, որպեսզի ժամանակն աննպատակ չվատներ, մտել էր պատկերասրահ, իսկ մեքենան կայանել էր պատկերասրահի հարեւանությամբ: Պայմանավորված ժամին դուրս գալով պատկերասրահից, «զարմանքից քար էր կտրել»՝ մեքենայի չորս անիվները ծակված տեսնելով:



Տեղ հասա այն պահին, երբ ծանոթս «գլուխը կորցրած» պտտվում էր մեքենայի շուրջը: Մինչ փորձում էինք հասկանալ, թե օրը ցերեկով ինչ է տեղի ունեցել, փողոցի անկյունում հավաքված տղամարդկանցից մեկը հեռվից-հեռու ձայնեց. «Գեներալի մարդիկ են ծակել: Մեքենան չթույլատրվող վայրում եք կանգնացրել, դրա համար ակերը ծակել են: Ստեղ տենց ա, ոչ զգուշացնում են, ոչ բան. տեսան սխալ տեղում եք կանգնացրել, ծակում-գնում են»:



Նկարագրել, թե ինչպես մեքենան «էվակուատորով» դուրս բերվեց կայանման համար անթույլատրելի վայրից, թե ինչ միջոցներ ու նյարդեր վատնեցինք անիվները վերականգնելու համար, եւ թե ինչպես խափանվեց մեր այցելությունը Մայր Աթոռ, ու ինչ տրամադրությամբ տուն վերադարձանք, կարծում եմ՝ ավելորդ է: Հաջորդ օրը, երբ կատարվածի մասին պատմեցի էջմիածինցի գործընկերներիցս մեկին, չզարմացավ: Պարզվեց՝ Էջմիածնում նման դեպքեր գրեթե ամեն օր են լինում: Ըստ նրա, վերջերս էլ մեր պատմության պես մի պատմության մեջ ընկել են արտասահմանից ժամանած հյուրերը: 



Բայց, ի տարբերություն մեզ, արտասահմանցիները, ըստ զրուցակցիս, դիմել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: «Հետո իմացել եմ, որ կատարվածի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել: Իսկ երբ այդ մասին զեկուցել են գեներալին, վերջինս զայրացել եւ հնարավորություններն ու կապերը գործի դնելով, ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանին ազատել է տվել զբաղեցրած պաշտոնից»,- ասաց զրուցակիցս:



Մեր տեղեկություններով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետն իրոք ազատվել է աշխատանքից եւ հիմա գտնվում է կադրերի տրամադրության տակ: Իսկ թե որն է եղել ազատման բուն պատճառը, երբ նրա աշխատանքից ու աշխատաոճից գոհ են եղել թե համակարգի վերնախավն ու թե ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, դժվար է ասել: Մի բան, սակայն, պարզ է. մարդը ցանկացել է բացահայտել օրինախախտին եւ օրենքի ուժ կիրառել նրա նկատմամբ, բայց թանկ է վճարել:



Սերոբ Մարության