Ծառուկյանի վերաինտեգրման անհաջող փորձերը

Ծառուկյանի վերաինտեգրման անհաջող փորձերը

Փետրվարյան «պատերազմից» հետո հասարակությանը վերաինտեգրվելու ու կասկածի տակ առնված բարերարի կոչումը վերականգնելու Գագիկ Ծառուկյանի ոչ բոլոր փորձերն են հաջողվում: Շաբաթ օրն Արարատի եւ Արմավիրի մարզերում խաղողագործների հետ հանդիպումն ավելի շատ իր բարեգործությունների մասին հիշեցնելու, արած-չարածը երեսով տալու եւ «փրկչի» տիտղոսը վերականգնելու նպատակն էին հիշեցնում:



Շաբաթ առավոտվանից «Արարատ» գինու, օղու, կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանի բակում ասեղ գցելու տեղ չկար, արեւից խանձված հարյուրավոր գյուղացիների աչքը Գագիկ Ծառուկյանի ճամփին էր: Ճարահատյալ գյուղացիները մարզի տասնյակ գյուղերից Ծառուկյանի մթերման կայան էին շտապել՝ հույսով, որ այնտեղ իրենց համար փրկության դուռ կբացվի: Անցած հինգշաբթի օրվանից խաղողագործները խնդրի առաջ էին կանգնել: Մթերման կայաններում հրաժարվում էին նախորդ տարիների պես բերքն ամբողջությամբ մթերել, սահմանափակ՝ 5 տոննա շեմ էին սահմանել ու հարյուր գրամ ավելն անգամ հետ էին վերադարձնում, ինչպես նաեւ հետաձգվել էր մթերման ժամկետը, իսկ գյուղացիները մտահոգված էին, որ իրենց բերքը չի դիմանա մինչեւ հոկտեմբեր, ու կզրկվեն ամբողջ տարվա եկամտից:



Ու մինչ «փրկիչն» ուշանում էր, այդ ընթացքում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը փորձեց նրա տեղն զբաղեցնել: Նա Ծառուկյանից կես ժամ շուտ ժամանեց եւ մարզի բնակիչներին վստահեցնում էր, որ ինքը նախորդ օրը մինչեւ ուշ երեկո հանդիպել է մթերման կայանների տնօրենների հետ, եւ հարցը լուծում է ստացել. «Հիմա կտեսնեք, որ պարոն Ծառուկյանն էլ կգա եւ կհայտարարի, որ ամեն ինչ նորմալ է»: Բայց հավաքվածներից մեկը մարզպետին հակադարձեց, որ մեկ օր առաջ իր բերքը գետնին է մնացել, Այգավանի կայանում չեն մթերել։ Մարզպետը խոսքը փոխեց. «Ես ասում եմ, որ այսօրվանից ամեն ինչ նորմալ է լինելու»:



Գյուղացիների աչքը Ծառուկյանի ճանապարհին էր, մարդկանց հոգսը քիչ էր, քաղաքական անցուդարձն էլ մյուս կողմից էր ծանրացել նրանց ուսերին: Մի տարեց պապիկ կողքիններին բացատրում էր, որ եթե Ծառուկյանի հետ այդպես չվարվեին փետրվարին, իրենք այս օրը չէին ընկնի. «Մարդուն դրեցին ճզմեցին, հարկերը սղմեցին, դրա համար էլ էսօր գործերը վատացել ա»։ Իշխանություններից վառված ազատավանցի պապիկին կողքի կանգնածն էլ հանգստացնում էր, թե նորից բարիշել են Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը. «Իրար հետ են արդեն հանգստանում, ո՞վ ա նեղել, էդ մի պահ էր»:



Քննարկումն այնքան թեժացավ, որ շատերն անգամ չհասցրին տեսնել Ծառուկյանի գալ-գնալը․ նա իջավ մեքենայից, երկու մետրից առաջ չգնաց, խոսեց մի քանի րոպե ու արագ հեռացավ։ «Դուք գիտեք, որ ամեն տարի գարնանն ու աշնանը մենք հանդիպում ենք իրար հետ եւ քննարկում ենք՝ ինչ ա ձեզ պետք, ինչ խնդիրներ առաջարկել եք, ես միշտ ձեզ օգնել եմ, սատար եմ եղել, ճի՞շտ ա, թե՞ ոչ»,- մեքենայից իջնելով՝ հավաքվածներին հիշեցրեց Ծառուկյանը։ «Ճիշտ ա, ճիշտ ա»,- հուսահատ արձագանքեցին հավաքվածները։



Ծառուկյանն էլ ավելի խրոխտ շարունակեց․ «Ես հիմա էլ եկել եմ, որ ձեր հետ հանդիպեմ, որովհետեւ եւ տեսել եմ, որ մի քիչ խառնաշփոթություն կա, որպեսզի քննարկելու, լուծում տալու այս ամենին, որ դուք հանգիստ, խիղճներդ հանգիստ գնաք։ Դուք գիտեք, որ եղել ա կարկտահարություն, ցրտահարություն, եւ պարզ ա, որ, նայելով ձեր վիճակը, ես աջակցել եմ, 3-5 հարյուր հազար անգամ ես ասել եմ՝ էդ գումարն ինձ պետք չի, ճի՞շտ ա»։



Ծառուկյանն սպասեց նորից ամբոխի ձայնակցումին։ «Հիմա տնօրենն ինձ ներկայացրել ա, որ մենք սպիրտի տեղ չունենք, խաղողի տեղ չունենք, բայց դա ձեր վրա չի ազդելու, մենք պետք է կարողանանք մեզ նեղություն տալ, որ ձեր վիճակը լավանա, տնտեսությունն էլ զարգանա»,- ձայնն էլ ավելի բարձրացրեց Ծառուկյանը: Ապա տնօրենին հանձնարարեց սեպտեմբերի 21-ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով։ «Էլ քննարկելու հարց չկա, երկուշաբթի օրվանից կազմակերպում ենք ձեր մթերումը, դուխներդ տեղը պահեք»,- ասաց նա: Նրան մոտ գտնվողները ձեռքները երկարացրին դեպի նա՝ ցանկանում էին դիպչել իրենց փրկչին, լսվեցին նաեւ «Ծառուկյան, դու մեր փրկիչ» բացականչություններ, շատերը չլսեցին էլ, թե ինչ է ասել Ծառուկյանը: Ի դեպ, այն պահին, երբ Ծառուկյանը հանդիպում էր խաղողագործների հետ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը տվել է շատ խիստ հանձնարարական, որպեսզի գյուղացիների աճեցրած բերքն ամբողջությամբ՝ մինչեւ վերջին կիլոգրամը, ժամանակին եւ անկորուստ մթերվի: Երեկ Արմավիրից տեղեկացանք, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, ու գյուղացիների բերքն ընդունել են ամբողջությամբ:



ՀԳ․ Շուկայական տնտեսության պայմաններում, երբ տնտեսվարողն իր արտադրածը չի կարողանում ամբողջությամբ իրացնել՝ ինչպես գինու-կոնյակի դեպքում է, լրացուցիչ մթերումներ անելը՝ ժողովրդի պահանջով կամ իշխանության հրահանգով, առնվազն տարօրինակ է եւ տնտեսվարման կանոններին հակասող։ Բայց սա Հայաստանն է, այստեղ գործարարությունը զիջում է բարեգործությանը, շուկայական կանոններն էլ ստորադասվում են քաղաքական շահերին։