«Կլասիկի» գաղջն ու «մթագնող» անկախության լուսավոր շողերը

«Կլասիկի» գաղջն ու «մթագնող» անկախության լուսավոր շողերը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի աշխատակազմը հրավիրել է անկախության 24-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու, սակայն նա չի գնացել։ Նա այդ օրը սովորաբար նշում է իր հարազատ կուսակցությունում՝ կուսակցական ընկերների հետ։ Այս տարին եւս բացառություն չէր։



Ֆուրշեթի համեստ սեղան նախկին ՀՀՇ-ի գրասենյակում՝ Մաշտոցի պողոտայի «տակառների» հետնամասում, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ եւ ՀԱԿԿ անդամներ, տոնական տրամադրություն՝ համեմված ընդդիմադիր գաղափարներով, որոնցում «անկախության մոտալուտ կորստի հեռանկարի» գույժն էր թեւածում, դրա հենքի վրա թմբկահարվող պայքարի ոգի եւ «կորստյան թունելի վերջում» փարոս նշմարող հիմնադիր նախագահ՝ «գաղջի» վերացման ակնկալիքով։ Գումարած Սահմանադրության փոփոխության, բայց ոչ երբեք բարեփոխման թեմա, որին դեմ է ՀԱԿ-ը՝ իր խորհրդարանական մի քանի եզակի անդավաճաններով, որոնք էլ Հայաստանի երբեմնի, բայց ՀԱԿ-ի համար մշտական նախագահի հպարտության առարկան էին այդ օրը։



Անկախության 24-ամյակի առթիվ առաջին ճառով հանդես եկավ Անկախության հռչակագիրը կարդացողը՝ Արամ Մանուկյանը։ Նա հիշեց, որ 24 տարի առաջ քվեարկության մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել Հայաստանում՝ 2 միլիոն 46 հազար մարդ, որոնք կողմ արտահայտվեցին Հայաստանի անկախությանը։ Ապա մթագնեց գույներն ու գորշ երանգ հաղորդեց տոնական խոսքին, ինչը դուր չեկավ անկախության տարվա նախագահին։ «Հռչակեցինք, ուրախացանք, ոգեւորվեցինք, անցանք դժվարություններ, անցանք ամենածանր փուլը եւ եկանք, ցավոք սրտի, մի տեղ, որ կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Հայաստանն էսօր արագընթաց անկախությունը կորցնելու ճանապարհին է»,- գուժեց Մանուկյանը, ու կեսից նրան ընդհատեց Տեր-Պետրոսյանը՝ փորձելով լուսավորել անկախ Հայաստանի ապագան․ «Լավ, մի՛ մթագնիր, էսօրվա տոնը մի՛ մթագնիր»։ Եվ Մանուկյանի խոսքի էստաֆետը վերցրեց՝ որոշելով մի թեթեւ «վիճել» Անկախության հռչակագիրը կարդացած սիմվոլի հետ։



«Այսօրվա իրականությունն իմ ընկեր Արամը մի քիչ մռայլ ներկայացրեց, գուցե իրավունք ունի, բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ հայ ժողովուրդն անկախությունն այլեւս երբեք չի կորցնի»,- հուսադրեց նա եւ հիշեց իր քաղաքական ախոյանի՝ «մեծ դասականի» հայտնի խոսքերը, որոնցում հեգնանք կար, մարտահրավեր եւ մեռած պայքարի վերակենդանացման հերթական մի փորձ։ Թեեւ իր նախկին ելույթներից մեկում շատ ավելի տխուր ապագա էր կանխատեսում Հայաստանի համար։



«Այո, կա հիմա, ինչպես «կլասիկն» է ասել, գաղջ մթնոլորտ, բայց գաղջը շուտով կցնդի։ Ես էստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ այս ավազակաբարո իշխանությունը հեռանալու է վաղ թե ուշ, իհարկե, որքան վաղ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար, բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի»,- հուսադրեց ՀՀ առաջին նախագահը։



Լակոնիկ ելույթից հետո Տեր-Պետրոսյանը քաշվեց մի կողմ՝ առաջարկելով բարձրացնել բաժակներն ու խմել Անկախության կենացը։ Լրագրողները, սակայն, նրանից ավելին էին սպասում, քան «գաղջ մթնոլորտի» մոտալուտ վախճանի մասին անորոշ կանխատեսումներն էին, եւ շրջապատեցին նրան։ Տեր-Պետրոսյանը տեսնելով, որ «պահանջարկ» կա, որոշեց մի երկու խոսք էլ «շռայլել» այլ թեմայով, բայց մի երկու կցկտուր խոսք՝ սեփական կուսակիցներին ձոնված դիֆերամբներով։ «Լավ, մի բան էլ ասեմ, ես գիտեմ՝ ինձնից այսօր երեւի ուրիշ խոսք եք սպասում, որովհետեւ այսօր Հայաստանում տեղի է ունենում մի կարեւորագույն իրադարձություն, դա Սահմանադրությունը փոխելու փորձն է, որի մասին ես գոնե վերջին շրջանում չեմ խոսել:



Ինչո՞ւ չեմ խոսել, որովհետեւ ես գտնում եմ, որ իմ ընկերներն այդ գործը փայլուն կատարում են: Քանի որ այսօր միայն տոնական միջոցառում չէ, այլ նաեւ մեր Կոնգրեսի խորհրդի վարչության նիստն է, ես պարտավոր եմ նաեւ իմ ընկերներին ասել իմ դիրքորոշումն այս հարցում»,-ասաց ՀԱԿԿ առաջնորդը՝ գովեստի խոսքեր նվիրելով յուրայիններին։



Նա նախ գովեց ԱԺ ՀԱԿ խմբակցության այն երեք եզակի անդավաճաններին, ովքեր այդպես էլ չտրվեցին «սահմանադրականին» Բաղրամյան 26-ում «դեմոկրատավարի» դեմ արտահայտվելու գայթակղությանն ու չլուսանկարվեցին «կլասիկի» հետ։ Խոսքն Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի եւ պետաիրավականում ՀՀԿ-ի հետ երբեմն թեւ թեւի, բայց այս հարցում «սկզբունքորեն» դեմ Գագիկ Ջհանգիրյանի մասին է։ Ըստ ՀԱԿ առաջնորդի՝ նրանք երեքն էլ իրենց «հակասահմանադրական» գործը խորհրդարանում փայլուն են կատարում՝ ցուցաբերելով անխոնջ պահվածք ԱԺ-ում։ Տեր-Պետրոսյանը գնահատեց նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի սկզբունքայնությունը։
«Ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի դերը մեր այս պայքարում եւ հատուկ նշեմ, որ ես Դեմիրճյանին եւ նրա կուսակցությանը համարում եմ մեր ամենապարկեշտ եւ կոռեկտ պարտնյորը»,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշելով նաեւ «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման մասին։ Ըստ նրա՝ դա լուրջ նախաձեռնություն է, հրաշալի երիտասարդ մտավորականներ են այդտեղ հավաքված, եւ ինքը մեծ հույսեր է կապում նրանց հետ․ «Եվ մենք, դուք տեղյակ եք, համակողմանիորեն համագործակցում ենք այդ նախաձեռնության հետ»։



Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ բարեփոխումները հնարավո՞ր է տապալել։ Տեր-Պետրոսյանն օգտվեց հարցում հնչած դրական ձեւակերպումից եւ անմիջապես խուսափեց իրական պատասխանից․ «Բարեփոխումը երբեք չի կարելի տապալել, բարեփոխումը միայն պետք է ողջունել»։ Իսկ երբ ճշգրտեցին հարցը, թե խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, առաջին նախագահը «նոր գլխի ընկավ» եւ ճշգրտեց․ «Սահմանադրականը բարեփոխում չէ, դա Սահմանադրության փոփոխություն է․ դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ, նոր Սահմանադրություն են ստեղծում։ Թող չկեղծեն, սա նոր Սահմանադրություն է, որը քանդում է պետության հիմքերը»։



Նա անպատասխան թողեց այն հարցը, թե «ոչ»-ը կհաղթի՞ այս հարցում։ Անպատասխան մնաց նաեւ մեր հարցը, թե ի՞նչ կասի ՀԱԿ խմբակցության մյուս անդամների՝ Հրանտ Բագրատյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի մասին, ովքեր, հակառակ «արմատականների» ցանկության, գնացել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։



Այնուհետեւ ՀԱԿԿ-ականները մեզ խնդրեցին դուրս գալ սենյակից, քանզի իրենց կուսակցության վարչության նիստն էր մեկնարկում։ Դրսում լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության վարչության անդամ Արման Մուսինյանը։ Նա ասաց, թե ինչու իրենք չեն ընդունել Անկախության տոնը միասին նշելու Սերժ Սարգսյանի հրավերը։



«Սովորաբար, մենք նշում ենք մեր կուսակիցների, համակիրների, կուսակցական ընկերների, այն մարդկանց հետ, ովքեր կանգնած են եղել անկախության ակունքներում, դա արդեն քանի տարվա ավանդույթ է»։ Ըստ Մուսինյանի՝ հրավերը մերժելու հարցում անձի խնդիր չկա, բայց կա քաղաքական խնդիր։ «Այն մարդկանց, ովքեր այսօր անկախությունը մսխում են, նրանց հետ Անկախության տոնը նշելու չէ»,- ասաց Մուսինյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ