Ծառուկյանի «ախրանիկներն» էլի աչքի ընկան իրենց «դաստիարակությամբ»

Ծառուկյանի «ախրանիկներն» էլի աչքի ընկան իրենց «դաստիարակությամբ»

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կառուցած օլիմպիական ավանի բացումը, որին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի և Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցացիաների նախագահները և այլ պաշտոնատար անձինք, նաև մարզիկներ, օլիմպիական չեմպիոններ, բնականաբար հսկայական թիկնազորով։ Ինչպես միշտ, իրենց բռի վարքով ու դաստիարակության ակնհայտ պակասով այս անգամ էլ աչքի ընկան Գագիկ Ծառուկյանի՝ հաստավիզ «ախրանիկները»։ Արդեն միջոցառման ավարտին, երբ Ծառուկյանը, վարչապետն ու մյուս հյուրերը նստում էին իրենց մեքենաները, որ հեռանային, որոշեցինք լուսանկարել նաև նրանց ավտոմեքենաները։ Ինչու՞։



Նախ, որովհետեւ մենք հաճախ ենք անդրադառնում քաղաքական գործիչների, պաշտոնյաների և գործարարների ավտոմեքենաներին, քանզի դա ևս հանրության հետաքրքրության առարկա է, և ավտոմեքենաները շատ բան են հուշում իրենց տերերի մասին։ Եվ հետո այդտեղ առկա ավտոմեքենաներն էլ օլիմպիական ավանի շենքի, այնտեղ այցելած հյուրերի ու այլ շնչավոր և անշունչ օբյեկտների նման այդ միջոցառման բաղկացուցիչն էին, ուստի բակում կայանած ավտոմեքենաների լուսանկարներն իրենց հերթին կհարստացնեին մեր ֆոտոշարքն ու կամբողջացնեին օրվա ընդհանուր պատկերը։
Այս ամենը, իհարկե, հասու չէր Ծառուկյանի՝ նույնիսկ ուղեղի մկաններում պրոտեին ներարկած և միայն բիցեպսներով «մտածող» «ախրանիկներին», որոնցից մեկն իջավ Ծառուկյանին սպասարկող 008 MM 08 համարանիշով Mercedes S600 Maybach-ին ուղեկցող նմանատիպ պետհամարանիշով Mercedes G-Class-ից և ասաց. «Էդ ի՞նչ ես նկարում, արա։ Կամ խի՞ ես նկարում էս մաշնեքը, հլը շուտ ջնջի մեր մաշնի նկարը»։ Այնուհետև մոտեցավ «շեֆին»՝ լրագրողներից նրան պաշտպանելու։



Այդ պահին Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ճեպազրույց էր տալիս, փորձեցինք մոտենալ նրան՝ ձայնագրելու, մուննաթ եկող «ախրանիկներից» մեկը հրահանգեց մյուսին. «Հլը դրան էս յան բերեք», ու քաշելով թևիցս՝ հրամայեցին. «Էս յան արի, արա» եւ չթողեցին, որ ձայնագրեմ իրենց շեֆին։ 



Հ․Գ․ Ծառուկյանի «ախրանիկների» կողքին այսօր իրենց աշխատանքն էին կատարում նաև վարչապետի անվտանգության փոքրաթիվ աշխատակիցները, ովքեր, ի տարբերություն խնամու «ախրանիկների», աչքի են ընկնում իրենց համեստ ու զուսպ պահվածքով և լրագրողների ու հասարակ քաղաքացիների հանդեպ քաղաքավարի վարքով։ Իրենց նույնչափ համեստ ու զուսպ են պահում նաև Ազգային ժողովի նախագահի և ֆինանսների նախարարի անվտանգությունն ապահովող աշխատկիցները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ