Տուժողների պայքարի արդյունքում

Տուժողների պայքարի արդյունքում

Նախօրեին լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզպետի որդուն պատրաստվում են ազատ արձակել։ Համառ լուրերն ասում էին, որ Սդղի գյոլում ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրները փոխել են իրենց նախնական ցուցմունքը եւ հայտարարել, որ Տիգրան Խաչատրյանն իրենց չի հարվածել։ Հենց այդ հիմքով էլ նախաքննական մարմինը խափանման միջոց է փոխելու։ Սակայն Զաքարյանների հայրը հերքեց այդ լուրերը․ Զաքարյանները ցուցմունք չեն փոխել, եւ Լիսկայի որդին դժվար թե ազատ արձակվի։



Լուրերը, թերեւս, հասարակական վախերի ոլորտից էին՝ երբ մարդիկ իրավապահներից ոչ մի լավ բան չեն սպասում եւ այդ վատի սպասումով բացասական զարգացումներ են հորինում։ Իսկ զարգացումները, պարզվեց, ճիշտ հակառակ ուղղությամբ էին գնալու․ երեկ հայտնաբերվեց եւ ձերբակալվեց Սյունիքի մարզպետի զարմիկը, որը դեպքի օրվանից սկսած՝ փախուստի եւ հետախուզման մեջ էր։ Արդեն կարող ենք արձանագրել, որ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած վիճաբանության բոլոր մեղավորները՝ Սյունիքի մարզպետի որդին, եղբայրը եւ երկու զարմիկները, ձերբակալված են։ Մնում է, որ արդար դատաքննության արդյունքում դատարանը պարզի բոլորի անհատական դերակատարումը եւ արժանի պատիժ սահմանի այս մարզն ահուսարսափի մեջ պահող կլանի անդամների նկատմամբ։ Թերեւս արժե նաեւ արձանագրել ու արժանին մատուցել տուժողների ընտանիքին։ Եթե չլինեին Զաքարյանների ընտանիքի հաստատակամությունն ու հանցագործների հետ գործարքի չգնալու կամքը, ապա այս միջադեպը եւս նախորդների ճակատագրին կարժանանար՝ կփակվեր, տուժողի բողոքի բացակայության պատճառով կջրվեր։ Մի կասկածեք, որ Զաքարյանների նկատմամբ նույնպես կիրառվել են լիսկայական մեթոդներ՝ սպառնալիք, փողի առաջարկներ, ճնշումներ։ Ուղղակի այս դեպքում տուժողները տղամարդավարի են իրենց պահել։