Հասմիկ Պողոսյանն ուզում է «քաքա» պարել

Հասմիկ Պողոսյանն ուզում է «քաքա» պարել

«Քաքան», ինչպես նաեւ «կպեխոուխոունը», «ադեվուն» եւ «չեբեն» Տոգոյի ժողովրդական պարերն են, որոնք շուտով հոգեհարազատ կդառնան նաեւ ՀՀ բնակիչներին։ Բանն այն է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարություն է բերել աֆրիկյան այս երկրի եւ Հայաստանի միջեւ մշակութային համաձայնության մասին համաձայնագիր, որին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միաձայն հավանություն է տվել։ Մենք շատ ոգեւորվեցինք նոր մշակութային ընկեր ունենալու հեռանկարով, այն էլ այսչափ էկզոտիկ։



Բանն այն է, որ Տոգոյում մարդիկ դեռ նիզակներով են շրջում, ինչպես եւ Հայաստանում, ինչը նշանակում է, որ ծեծուջարդն այնտեղ, ինչպես եւ Հայաստանում, մանր չարաճճիություն է համարվում։ Մեր նոր մշակութային գործընկերները որպես ժողովուրդ դեռ չեն կազմավորվել եւ բնակվում են ցեղերով։ Ընտանիքի, ցեղի, սեփական ամրոցի գաղափարը, ի տարբերություն պետության գաղափարի, խոր արմատացած է տոգոյացիների ուղեղում, եւ «ընտանիքին մի կպիր» հասկացությունը մի ամբողջ քրեական օրենսգիրք արժե։ Մոտ 45 ցեղատեսակ կա Տոգոյում, որոնցից ամենաբազմաթիվը «էվե» ցեղն է եւ «կաբրեն»։ Մեզ մոտ անձեռնմխելի ընտանիքները, ըստ որոշ գնահատականների, մոտ 44-ն են, որոնք կենտրոնացրել են իրենց ձեռքում ՀՀ ազգային հարստությունը։



Տեսնո՞ւմ եք ինչ դիպուկ եւ արդիական է Հասմիկ Պողոսյանի ընտրությունը, ինչ ճիշտ է նա արել, որ հենց Տոգոն է ընտրել որպես մշակութային համագործակցության երկիր։ Այստեղ է նա գնալու գործուղման, պարեր է սովորելու, նրանց է բերելու Հայաստան՝ սեմինարների։



Տոգոյի բնակիչները «պապուասներին» հատուկ հավատքներ ունեն, իսկ աստվածությունները հիմնականում դեռ մարդու կերպարանք ձեռք չեն բերել, այլ ներկայանում են կենդանիների տեսքով՝ առյուծների, մողեսանման սողունների, ծտերի, մկների։ Տոգոյի տնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, ինչպես եւ Հայաստանինը։



Մարդիկ այստեղ գյուղատնտեսությամբ են զբաղվում, արհեստն է ծաղկում։ Մեր մշակութային գործընկերները, որոնցից մեր 3000-ամյա ժողովուրդը շատ սովորելու բան ունի, կարողանում են իրենց ապահովել ձեռագործ հագուստով, պրիմիտիվ կենցաղային առարկաներով եւ գործիքներով։ Ինչպես եւ Հայաստանում, այստեղ հայրն իր մասնագիտությունը եւ ոլորտը, իր պաշտոնը փոխանցում է որդուն։ Թերեւս ամենազարգացած եւ ունիկալ երեւույթը Տոգոյի պարերն են, երաժշտությունը, իսկ ազգային ամենատարածված գործիքը ոչ թե դհոլն է, այլ՝ թմբուկը։ Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ ընդհանրություն կա։ Որպեսզի Տոգոյի ժողովուրդը չընդվզի եւ հեղափոխություն չանի, որպեսզի չհիշի, որ սոված է եւ հիվանդ, նրան ամբողջ օրը պարեցնում են թմբուկների տակ՝ «չեբե», «քաքա»։ Ճիշտ է՝ հեռուստատեսային շոուներ եւ սերիալներ այնտեղ չկան։