Էլինար Վարդանյանը` իրեն միջազգային պատվիրակության կազմից հետ կանչելու մասին

Էլինար Վարդանյանը` իրեն միջազգային պատվիրակության կազմից հետ կանչելու մասին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.



«Սիրելի լրագրողներ, հասկանալով, որ այսօրվա ԲՀԿ խմբակցության որոշման հրապարակումից հետո, ինձնից մեկնաբանություններ են ակնկալվում, ուզում եմ իմ արձագանքը ամփոփել մի քանի կետերով.



Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ և Ժառանգության իմ գործընկերների հետ:



Միջազգային պատվիրակություններում աշխատանքը ծանր և պատասխանատու գործ է, և եթե իմ գործընկերներից որևէ մեկը կարողանա ավելի լավ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, բայց կրկնում եմ պետության շահերը, ես միայն ուրախ կլինեմ:



Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ:



Ուզում եմ նաև ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ. Ընտրական օրենգիրքը այլ լուծում պարզապես չի նախատեսում, և խմբակցության մոտեցումները և շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաև կուսակցության անդամ եմ, և չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որևէ շարքային ԲՀԿ-ականի շահերը, կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով»,-ասել է Էլինար Վարդանյանը :



Նշենք, որ միջազգային կազմակերպություններից հետ են կանչվել Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ականները նշել են, որ դա պայմանավորված է նրանով, որ արդարացի կլինի, որ այլ պատգամավորներ էլ ներգրավվեն պատվիրակությունում՞ այդպես փորձելով հերքել տեղեկությունները, թե պատժում են երկու պատգամավորներին՝ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հոկտեմբերի 5-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու համար: