Թատրոն չկա

Թատրոն չկա

Տարիներ շարունակ չէին դադարում այն լուրերը, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ թաքուն պայմանավորվածություն կա՝ հրապարակավ միմյանց ընդդիմանալու, թշնամանք «խաղալու» վերաբերյալ։ Այս տեսության կողմնակիցները պնդում էին, որ սա հատուկ է արվում, որպեսզի հետագայում անցնցում միմյանց փոխանցեն իշխանությունը, որպեսզի իրական ընդդիմություն չծնվի, եւ գործադիրի անհնազանդ ռեսուրսն էլ չկողմնորոշվի այլ՝ անցանկալի ուղղությամբ։



Այս սցենարի կողմնակիցները պնդում էին, որ թշնամանքն ու իրար քննադատելը թատրոն են, պայմանավորված խաղ, որտեղ կողմերը հստակ դերակատարում ունեն, իսկ հանրային աչքից հեռու վայրերում լավ էլ համերաշխ ու ջերմ են, մի բան էլ ծիծաղում են մեր նման միամիտների վրա։



Այս տեսության կողմնակիցները նաեւ ելնում էին այն իրողությունից, որ «ղարաբաղցիների մոտ լավ սպայկա կա»՝ իրար սատար կանգնելու բնավորություն։ Եվ ինչքան էլ իրար հետ տարաձայնություններ ունենան, վերջում իրար թեւ ու թիկունք են լինելու՝ ընդդեմ հայաստանցիների։



Այս գաղափարի կողմնակիցները նաեւ կարծում են, որ նշված մակարդակներում կարեւորը բիզնես-շահերն են, միմյանց եկամուտներն ու եկամտի աղբյուրները հարգելը, որը սրբորեն պահպանվում է։



Այս տեսության կողմնակիցների կուռ տրամաբանության, ազգային հոգեբանության, իշխանական հարաբերությունների իմացության վրա կառուցված մտահանգումներին կարելի է նաեւ լուրջ վերաբերվել։ Սակայն քիչ հավանական է, որ գործող իշխանությունն այնքան մտներ այս «խաղի» մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Սահմանադրության նախագծին ուղղված քննադատություն բեմականացներ։ Շատ կարեւոր փաստաթղթի մասին է խոսքը՝ իշխանության համար կենսական նշանակություն ունեցող, որ նման լայնախոհություն եւ աննախադեպ դեմոկրատիա հանդուրժեին։