Դեկտեմբերի 6-ի՞ն, թե՞ 10-ին

Դեկտեմբերի 6-ի՞ն, թե՞ 10-ին

Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրվա հետ կապված՝ իշխանությունում դեռ վերջնական եզրակացության չեն հանգել: Նախապես նշվում էր դեկտեմբերի 6-ի մասին, սակայն երեկ խոսվում էր նաեւ 10-ի մասին: Դեկտեմբերի 6-ն այդ ամսվա առաջին կիրակին է՝ ոչ աշխատանքային, որին ձգտում են ՀՀԿ-ում, բայց այդ օրը չանելու լուրջ պատճառ կա։



Բանն այն է, որ ՀՀԿ-ում համարում են, որ Սահմանադրության ընդունման օրը պետք է «համազգային տոն» դարձնել, իսկ հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի մեծ երկրաշարժի օրը: ՀՀ օրենսդրության համաձայն, հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահն իր հրամանագրով՝ ԱԺ-ի առաջարկած նախագիծն ստանալուց հետո 21-օրյա ժամկետում: ՀՀ նախագահը նաեւ կարող է նախագիծն իր առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել ԱԺ եւ պահանջել նոր քննարկում: Ըստ այդմ, հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, ոչ ուշ, քան 65 օր հետո: Այսպիսով, Սահմանադրության նախագիծն ամենաուշը կարող է հանրաքվեի դրվել դեկտեմբերի 30-ին, իսկ ամենաշուտը՝ նոյեմբերի 30-ին: Հիշեցնենք, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն Ազգային ժողովը հավանություն է տվել հոկտեմբերի 5-ի նիստում: Իսկ ԱԺ նախագահը 7-օրյա ժամկետում պետք է այն ուղարկի հանրապետության նախագահին: