Սահմանամերձ համայնքներում բժշկական խնդիրների լուծման անորոշ հեռանկար

Սահմանամերձ համայնքներում բժշկական խնդիրների լուծման անորոշ հեռանկար

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով սահմանամերձ համայնքներում բժիշկների հետ կապված խնդիրներին, վստահեցնում է, որ իրենք քարտեզագրել են եւ գիտեն, թե որտեղ բժիշկներ կան, որտեղ չկան, եւ դա ամենօրյա, օրակարգային խնդիր է իրենց համար։ Ըստ նախարարի՝ իրենք, սակայն, չունեն ուղղակի լծակներ, որպեսզի ուղղորդեն բժիշկներին՝ սահմանապահ մարզերում աշխատելու։



«Երեք հիմնական մեխանիզմ կա, որպեսզի կարողանանք հագեցնել. մեկը՝ գերարտադրել բժիշկներ, երկրորդը՝ սոցիալապես այնպիսի պայմաններ ստեղծել մարզերում, որ գրավիչ լինի, եւ երրորդը՝ նպատակային կլինիկական օրդինատուրա»,-ասաց նա։ Իսկ այդ միջոցառումների արդյունքը ե՞րբ կերեւա սահմանամերձ գոտում, Արմեն Մուրադյանն ասաց. «Երեկ են վերադարձել, որքանով որ ես տեղեկացված եմ, մեծ խումբ է եղել, աշխատել է այնտեղ, եւ... արդյունքը ի՞նչ նկատի ունեք։ Այն, ինչ որ երեկ է կատարվել, դա փաստացի առաջատար մասնագետների այցելություն էր սահմանամերձ գոտի, որը պարբերաբար իրականացվում է, եւ սա կառավարության օրակարգում է սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։ Սա շարունակական է լինելու, իսկ արդյունքը առողջապահական, Դուք նկատի ունեք ցուցանիշնե՞ր վերականգնելու մասով»։



- Ոչ, նկատի ունեմ, որ պատշաճ բուժհաստատություններ լինեն, բժիշկների քանակը բավարար լինի սահմանամերձ համայնքներում, պրոֆեսիոնալ մասնագետներ լինեն։



- Սա երկարատեւ ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացվում է, եւ կարծում եմ՝ սա ակնառու է։ Օրերս կտեսնեք նոր բուժհիմնարկի բացում, կտեսնեք, որ բազմաթիվ խնդիրներ մարզերում շատ արագ լուծում են ստանում։ Մեր ամենալուրջ խնդիրներից մեկը կադրային հագեցվածությունն է։ Այսինքն՝ գրավիչ լինի բժշկի համար։



- Բայց նկատենք, որ 20 տարուց ավելի Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, եւ սահմանամերձ մարզերում վերջին տարիներին, կապված հաճախակի կրակոցների հետ, բժիշկների հետ կապված խնդիրներ առավել շատ են առաջանում, որ կադրերի պակաս կա, նորմալ բուժհաստատությունների կարիք կա։



- Ես այսօր առանձին ընդունել եմ մի մասնագետի, որը խիստ անհրաժեշտ է այնտեղ, երեք անեսթեզիոլոգ ունեն, օրինակ, Տավուշի մարզում, մեկն ուզում է ազատվել, եւ ես առանձին էսօր իրեն ընդունել եմ՝ խոսելու, թե պատճառները որն են, որ նա ուզում է էնտեղից տեղափոխվի, եւ ինչ պետք է անենք, որ իր համար գրավիչ դարձնենք։ Մարզպետի հետ էլ ենք խոսել այս հարցի շուրջ, կարծում եմ, որ իրենք հանդիպում պետք է ունենան, շաբաթվա վերջ կա՛մ պետք է նոր մասնագետ կարողանան հրավիրել, կա՛մ պետք է ապահովեն, որ նույն մասնագետը մնա։



- Միգուցե բուժաշխատողների աշխատավա՞րձը բարձրացնեք մարզերում կամ այլ գրավիչ պայմաններ ստեղծեք։ Առհասարակ, ինչո՞ւ չեն ուզում բժիշկները գնալ սահմանամերձ գոտում աշխատել։



- Կարծում եմ՝ Դուք պետք է մարզերին այդ հարցով դիմեք, որ նրանք կարողանան այդ հարցին անդրադառնան։ Հիմնականում երկու խնդիր կա՝ խոցելիությունը եւ վարձատրությունը։ Խոցելիությունը ոչ առանց ձեր աջակցության է այսօր ապահովվում, որովհետեւ բժշկի մասնագիտությունն առանձնահատուկ մասնագիտություն է, որը շատ խոցելի է, եւ կարծում եմ, որ պետք է ավելի ծանրակշիռ լինեն մոտեցումներն այդ մասնագիտության հարցում, մասնավորապես՝ անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, խիրուրգ։



Էդ էն մասնագիտություններն են, որոնք պահանջում են ամենօրյա ուշադրություն համապատասխան տարածքային կառավարման մարմինների կողմից։ Որովհետեւ նրանք իրապես հազվագյուտ մասնագիտություններ են մարզերում։



- Ռեալ խոսենք, պարոն նախարար, արմատական լուծում, բանաձեւ ունե՞ք այս հարցում։



- Ես երեք դեղատոմս առաջարկեցի, որը որ ոչ թե մեր դեղատոմսն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է առաջարկում։ Երրորդը մենք կարող ենք առաջարկել, այսինքն՝ նպատակային մասնագետների վերապատրաստման ապահովումը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ