Ընդդիմության վերարտադրության լծակներ. կա՞ն այդպիսիք

Ընդդիմության վերարտադրության լծակներ. կա՞ն այդպիսիք

Կարծում ենք՝ կան: Գուցե մի քիչ շատ է ընդդիմության վերարտադրության գործիքը լծակ անվանելը, բայց, ամեն դեպքում, դա մի գործիք է, որի օգնությամբ վերարտադրվում են ընդդիմությունն ու ընդդիմադիր գործիչները: Գործչի հոգեբանությունը, օրինակ, չի՞ կարող կառուցված լինել այնպիսի էատարրերից, որոնք նրան անընդհատ մղում են վերարտադրության: Ասենք՝ ընդդիմադիրը կամակոր է, ներհակ, չմահավան, մի թեթեւ ինքնասիրահարված: Նրա այս հատկություններն արդյոք գործիքներ չե՞ն վերարտադրության: Իսկ եթե նաեւ նախա՞նձ է:



Պարույր Հայրիկյանն անհիշելի ժամանակներից վերարտադրվում ու վերարտադրվում է որպես ընդդիմադիր գործիչ: Սադամ Հուսեյնն այդքան չվերարտադրվեց: Կախեցին՝ գնաց:



Հայրիկյանի ընդդիմադիր գործունեության ժամկետներին կնախանձեին նույնիսկ ամենաերկարակյաց Հռոմի պապերն ու հայ կաթողիկոսները: Հայրիկյանն ընդդիմադիր էր Բրեժնեւի օրոք, Անդրոպովի օրոք, Չեռնենկոյի օրոք, Գորբաչովի օրոք: Պուտչի օրոք նույնիսկ ընդդիմադիր էր: Օ՜, իսկ ի՞նչ ընդդիմադիր էր Լեւոնի օրոք, Քոչարյանի օրոք… Նա հիմա ընդդիմադիր է Սերժի օրոք ու դեռ ընդդիմադիր կլինի շատ ու շատ նախագահների օրոք: Այսքանից հետո էլ մարդը վեր է կենում եւ խոսում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունից, որի 10 տարին չի էլ լրացել:



Ի՞նչ կապ ունի՝ վերարտադրվում ես որպես իշխանությո՞ւն, թե՞ որպես ընդդիմություն: Իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական գործչի գործունեության երկու դաշտերն են: Դրանցից որեւէ մեկում երկար թթվելն արդեն իսկ վերարտադրություն է: Համաձայն չե՞ք:



Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ուզում է ընդգծել «Ժառանգության» առավելությունները մի շարք ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք իրենց պայքարի արդյունքում ժամանակ առ ժամանակ նաեւ իշխանություն են եղել, իր կարծիքով, մի զորեղ փաստարկ է բերում: Ասում է՝ «Ժառանգությունը» երբեք իշխանություն չի եղել, այդ իսկ պատճառով էլ ամենազտարյուն ընդդիմությունն է: Քիչ է մնում հավատաս, բայց դա հո այդպես չէ՞:



Իրականում քաղաքական տհասության նշան է այդ հայտարարությունը, բայց այն իր խորքում ընդդիմության դաշտում մնալու, վերարտադրվելու գործիքներ է պարունակում:



Մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ էր մնացել չվերարտադրվեր որպես ընդդիմադիր:



Ժողովուրդը չէր ուզում նրան այլեւս ընդդիմադիր դաշտում տեսնել եւ հետեւից բրթում էր դեպի Բաղրամյան 26: Չստացվեց: Ինչո՞ւ: Որովհետեւ գործիչներ կան, որոնք ծնված են միայն ընդդիմադիր լինելու եւ ընդդիմադիր դաշտում վերարտադրվելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ արեց, որ «Ժառանգությունն» այդպես էլ իշխանություն չդառնա եւ մնա որպես զտարյուն ընդդիմադիր ուժ:



Ինքնանպատա՞կ բան է հավերժ ընդդիմադիր լինելը: Չգիտեմ: Ինձ երբեմն թվում է՝ դա կոչում է, որ առանձին ընդդիմադիրներից ուղղակի անհնար է խլելը:



Ընդդիմության վերարտադրությունն իր հետ մի շարք անցանկալի երեւույթներ է բերում:



Տեսեք՝ ինչ է կատարվում: Բոլորին արդեն հասկանալի է, որ ՀՀ իշխանությանը որեւէ նոր միտք նույնիսկ պարտադրելն է անհնարին: Նույն քյառթու բիձուկներն են ամենուր, որ գալիս են է՜էէ Բրեժնեւի ժամանակներից ու շարունակում են իրենց անվրդով ընթացքը: Ոչ մի կասկած՝ որոշել են մեռնել աթոռի վրա: Է, նույնն էլ ընդդիմությունն է: Կարծում եք Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե բախտները բերի, 2018-ին նախագահի թեկնածու չե՞ն լինելու: Իհարկե լինելու են, որովհետեւ անհնարին է, որ մինչեւ 2018 թվականը նրանց գլխում որեւէ նոր միտք հասունանա:



Ի մխիթարություն մեզ, վերջին շրջանում սկսեցին նոր անուններ շրջանառվել, որոնք հայկական դասական ընդդիմության էստաֆետն ընդունելու հայտեր են ներկայացնում:



Հատկապես լավ է ստացվում նրանց մուտքը քաղաքական ասպարեզ, իսկ լավ սկիզբը միշտ էլ գործի կեսն է: Բայց բավական է նորեկների հետ երկու բառ խոսել, եւ հասկանալի է դառնում, որ նրանք եկել են ընդդիմադիր դաշտ՝ այստեղ գլուխ պահելու, իսկ լավագույն դեպքում՝ մի որոշ ժամանակ վերարտադրվելու համար: Անծրագիր, աննպատակ, անհավես, անկապ ամբիցիաներով եւ, որպես կանոն, սեփական անձի հանդեպ շատ մեծ կարծիքով: Ենթադրենք՝ ժողովրդին կեղեքող իշխանությունների դեմ ակցիա են անում: Այ մարդ, մինչեւ Թումանյան-Աբովյան խաչմերուկից հասնում են Հանրապետության հրապարակ, պարզվում է, որ այդ երթի նպատակը Հանրապետության հրապարակի գորգի վրա նստելն է եղել, այսինքն՝ թամաշան: Կան նորեկներ էլ, որոնց տեսնելիս մնում է հառաչել՝ բա Հայրիկյանն ափսոս չէ՞, էս ո՞վ է եկել նրան փոխարինելու: Բայց, ինչ էլ լինի, նորը մնում է նոր, եւ հույս կա, որ մի նոր միտք, այնուամենայնիվ, կարող է սպրդել ընդդիմության դաշտ:



Մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես որ Հայաստանում ընդդիմադիր գործչի պաշտոնն ընտրություններով լիներ, այսօրվա ընդդիմադիրներից քանի՞սը կհաղթահարեր շեմը: