Կարող է թաղային հեղինակություններին դուր չգա, որ բողոքում ենք

Կարող է թաղային հեղինակություններին դուր չգա, որ բողոքում ենք

Նոր Նորքի 9-րդ զանգվածի Նանսենի թիվ 17 եւ 25 շենքերի բակում հայտնված ավտոլվացակայանն ու ավտոտնակները խաթարել են բնակիչների անդորրը: Այն, որ հանկարծահաս հայտնված կառույցները շենքերի բակը վերածել են շուկայամերձ տարածքի` իրեն յուրահատուկ ժխորով ու օտար մեքենաների մշտական շարժով, բնակիչները մի կերպ հանդուրժում են, բայց որ դրանք խոչընդոտում են նաեւ երեխաների տեղաշարժին, հատկապես առավոտները` դպրոց գնալիս, հանդուրժել չեն պատրաստվում:



«Բավական չէ ահռելի տարածքի վրա մոյկա են կառուցել, դեռ կողքերն էլ մեծ-մեծ սյուներ են կանգնեցրել՝ երեւի հետագայում այլ շինություն կառուցելու նպատակով»,-դժգոհեց բնակիչներից մեկը՝ խնդրելով չհրապարակել անունը: Մյուս բնակիչները եւս, հետեւելով հարեւանուհու օրինակին, խնդրեցին անվանական հղումներ չանել: «Հեղինակությունների շինություններ են, մեկ էլ տեսար` դուրները չեկավ, որ բողոքել ենք... ի՞նչ իմանաս ինչի են ընդունակ»,-ծպտյալ բողոքելու հանգամանքն այսկերպ հիմնավորեցին բնակիչները:



Նրանց անհանգստության պատճառը երեխաներն են, որոնք դպրոց են գնում հիմնականում ծնողների վարձած միկրոավտոբուսով: Իսկ միկրոավտոբուսի կայանման վայրը օբյեկտները փակում են` դժվարանցանելի դարձնելով նաեւ այն ճանապարհը (արդեն` արահետը), որը շենքերի բակը միացնում է միկրոավտոբուսի կայանատեղիին: «Ոչ միայն ճանապարհը, տեսադաշտն էլ են փակել, այնպես որ, չենք էլ տեսնում` ավտոբուսը եկե՞լ է, թե՞ ոչ: Ավագ դպրոցի երեխաներ չեն, որ ասենք մեծ են` շրջանցիկ ճանապարհ կգտնեն` մի ձեւ կհասնեն մեքենային: Տարրական դասարանի երեխաներ են, ճիշտ է` ծնողներով ուղեկցում ենք, բայց հո դրանով հարցը չի՞ լուծվում: Ասենք` առավոտյան տարանք-հասցրինք մինչեւ ավտոբուս, բա ետդարձի՞ն ինչ ռիսկերի է ենթարկվում երեխան...»:



Ավտոլվացակայանի պատճառով խնդիրներ են առաջանում նաեւ կոյուղու հետ: Բնակիչների ասելով` դիտահորերը, որոնք նախատեսված են երկու շենքերի համար, ավտոլվացակայանները գերծանրաբեռնում են: «Եթե նախկինում խցանումներ չէին լինում, ապա հիմա` բավականին հաճախակի: Իսկ գարշահոտից չգիտենք ուր փախչենք: Աստված չանի, եթե շենքերից մեկում հրդեհ բռնկվի, հրշեջ մեքենան դեպքի վայր հասնելու լուրջ խնդիրներ կունենա»,- իրենց անհանգստությունը հայտնեցին Նանսենի 17 եւ 25 շենքերի բնակիչները:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ