Փոփոխությունները անբավարար են. ՀԴԿ հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ

Փոփոխությունները անբավարար են. ՀԴԿ հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ

Ուսումնասիրելով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացրած նախագիծը, արձանագրում ենք, որ արված փոփոխությունները անբավարար են և չեն համապատասխանում Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկներին: 



Մեր համոզմամբ, կառավարման մոդելը փոխելով, բայց իրականության մեջ պահպանելով արատավոր երևույթները, որևէ լուրջ փոփոխություն չի լինելու: Զարմանալի է, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդամի պնդմամբ, ընդունվել են միայն այն առաջարկությունները, որոնք համաձայնեցվել են և ընդունելի են եղել Հանրապետության նախագահի համար: Ստացվում է, որ պահպանվում է միակուսակցական համակարգը:



Հանրությունը մինչև օրս չի ստացել գլխավոր հարցի պատասխանը՝ գործող Սահմանադրության այդ ո՞ր դրույթներն են, որ խոչընդոտում են երկրում տնտեսական, սոցիալական, բարոյա-քաղաքական, ազգային-պետական անվտանգության հետ կապված բազմակուտակ խնդիրների լուծմանը, արդյո՞ք այն խոչընդոտում է երկիրն արյունազրկող արտագաղթի կանխմանը, երկրի օրգանիզմը վերից-վար ճարակած կոռուպցիայի դեմ իրական պայքարին, գործող օլիգարխիկ համակարգի կազմաքանդմանը, մենաշնորհի վերացմանը, հասարակական կառավարման գործում պետության դերի մեծացմանը, սեփականատիրման ձևի ու բաշխման հարաբերությունների կարգաբերմանը:



Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, կողմ լինելով կառավարման խորհրդարանական ձևին, միևնույն ժամանակ, ելնելով իր ծրագրային դրույթներից, հրապարակայնորեն արտահայտած իր դիրքորոշմամբ բազմիցս մատնանշել է ներկայացված նախագծի բազմաթիվ սկզբունքային մերժելի դրույթներ և հոդվածներ:
Ասենք, որ նախագծի վերջնական տարբերակը, նախորդի հետ համեմատած կրել է որոշ փոփոխություններ և շտկումներ, հաշվի են առնվել նաև մեր կուսակցության մեկ-երկու առաջարկներ:



Սակայն, մեզ համար բացարձակապես անընդունելի է և անհասկանալի, թե պետականաշինության որ գաղափարախոսությունն է դրված նախագծի հիմքում և այն շտապողականությունը, որով փորձ է արվում գլուխ բերել այս նախագիծը: Այդպես էլ անփոփոխ են մնացել ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և ռեյթինգային քվեարկության, երկրի նախագահի իրավազուրկ կարգավիճակի, ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության, երեխայի իրավունքների, մարդու՝ դեկլարատիվ բնույթ կրող իրավունքների վերաբերյալ և սկզբունքային շատ այլ դրույթներ:



Մենք գտնում ենք, որ նախագիծը ոչ միայն չի համապատասխանում մեր ազգային-պետական շահերին, ազգային արժեհամակարգին, այլև լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ուղղված մեր երկրի ու ժողովրդի ապագային:
Հետևաբար, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դեմ է քվեարկելու և իր քարոզչությունն է իրականացնելու՝ հանրությանը բացատրելով մեր որոշման հիմնավորումները:



 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ 



 Երևան, 08.10.2015թ.