Հայաստանի և Նիգերի արտգործնախարարները հանդիպել են

Հայաստանի և Նիգերի արտգործնախարարները հանդիպել են

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Նիգերի արտգործնախարար Այչատու Բուլամա Կանեին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։



Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախարարը, նշելով, որ խորհրդանշական է ընդունել Նիգերից Հայաստան ժամանած առաջին պատվիրակությանը, հավելել է, որ այս այցը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու շուրջ քննարկումներ ունենալու համար:



Նախարար Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Նիգերի ԱԳ նախարարին Մեքքայում՝ հաջի ընթացքում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Նիգերի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:



Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Նիգերի արտգործնախարարը իր գոհունակությունն է հայտնել Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումներ ունենալու կապակցությամբ:



Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Նիգերի արտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: