Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ոչ միայն լավ առիթ է քննարկելու կազմակերպության և դրա անդամ երկրների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները, հաջորդ տարի Անտանանարիվույում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, այլև` անդրադառնալու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին։



Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` նախարար Աթալլան կարևորել է արտգործնախարարների երևանյան հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ հենց Երևանում է Մադագասկարը ստանձնելու Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը։



Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մադագասկարի միջև համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական բնագավառում փոխգործակցության հաստատման շուրջ։ Այս առումով կարևորվել են առաջիկա օրերին երկու երկրների միջև ստորագրվելիք փաստաթղթերը։



Նախարար Աթալլան, շնորհակալություն հայտնելով, որ Հայաստանում կրթություն են ստացել բազմաթիվ մադագասկարցի մասնագետներ, հետաքրքրություն է հայտնել Հայաստանի հետ կրթական բնագավառում փոխգործակցության առումով։



Գոհունակությամբ արձանագրելով, որ դեռ 1982թ. Երևանի և Անտանանարիվույի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, նախարարները պայմանավորվել են երկու մայրաքաղաքների միջև համագործակցության վերագործարկման մասին։



Մադագասկարի արտգործնախարարը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր երկրի գալիք նախագահության առաջնահերթությունները։