Արթուր Սաքունցը պահանջել է հետաքննել նախագահի եղբոր մասնակցությամբ միջադեպը

Արթուր Սաքունցը պահանջել է հետաքննել նախագահի եղբոր մասնակցությամբ միջադեպը

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սեպտեմբերի 28-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով հետաքննել մեր կայքում սեպտեմբերի 18-ին հրապարակված «Շուտ գնա ստեղից, թե չէ առանց արգանդի կմնաս․ հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ» նյութի մեջ նշված փաստերը։



Համացանցում մոտ 15 հազար ընթերցող գրաված այս նյութը գրված է խմբագրություն այցելած կնոջ շուրթերից։ Նա ականատես է եղել, թե ինչպես նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը փողոցում ռեպլիկ է նետել մի աղջկա հետեւից։ Իսկ երբ աղջկան ուղեկցող տղամարդը բորբոքվել եւ պատասխանել է, պարապած տղաներ են հայտնվել 2 «ջիպ»-ով եւ, հավանաբար Սաշիկ Սարգսյանի հորդորով, մարդկանց աչքի առաջ հարձակվել են երիտասարդի վրա։ «Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, «քրեական գործ հարուցելու առիթներ են... հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»։ Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Ձեր լիազորություններով, դիմում եմ Ձեզ՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ սույն հաղորդմամբ նշված փաստերը պարզելու, քրեական գործ հարուցելու, մեղավորներին բացահայտելու եւ հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրում է Սաքունցը Կոստանյանին եւ Շահինյանին։ Մինչ այս, հնարավոր բոլոր «խաղաղարար» խողովակներով «Հրապարակին» հերքում տպագրելու պահանջներ եւ խնդրանքներ են ուղղվել։ Անգամ սպառնալիք, որ չհնազանդվելու դեպքում «պատիժն» անխուսափելի է լինելու։ Փորձել են կորզել «աղբյուրի» տվյալները։ Ապա զգուշացրել են, որ կրկին կպահանջեն աղբյուրի բացահայտում կամ «սուտ մատնության» հոդված կդնեն եւ այլն, ինչն արդեն բազմիցս փորձել են անել։ Երբ բախվել են «Հրապարակի» դիմադրությանը, դիմել են ավելի անշառ տարբերակի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի միջոցով վարույթ սկսել եւ ճնշումները գործադրել արդեն իրավական հողի վրա։ Ահա այստեղ էլ հայտնվել է Արթուր Սաքունցի դիմումը։ Նա իր քայլը բացատրում է այսպես. «Երբ լրատվամիջոցներում կա նյութ՝ բռնությանը, ապօրինությանը վերաբերող, եւ եթե տեքստից երեւում է, որ բողոքող չի լինելու, ապա մենք լրագրողների կողմից բարձրացված հարցերը՝ հանցագործ երեւույթներին վերաբերող, տարբեր ձեւերով բարձրացնում ենք՝ պահանջելով, որ տարածված նյութերը քննության առարկա դառնան»։



Մենք չենք պնդում, որ Սաքունցը տվյալ դեպքում գործել է իշխանական թելադրանքով, սակայն տարրական տրամաբանությունն ասում է, որ նման դիմումների պարագայում մեզանում, որպես կանոն, ոչ թե մեղավորներն են պատժվում, առավել եւս՝ Սաշիկ Սարգսյանի կալիբրի մեկը, այլ լրատվամիջոցն ու նրա աղբյուրը։ Ուստի Սաքունցի դիմումն առավել քան տարօրինակ է։ Տարօրինակ է նաեւ այն, որ իրավապաշտպանը, իրավապահներին դիմելուց առաջ, չի տեղեկացրել մեզ իր մտադրության մասին, չի քննարկել իր անելիքը մեզ հետ։ Մինչդեռ մեր գործընկերային հարաբերությունները պահանջում են, որ այդ տարրական քայլերն արվեին։



Արդյունքում ստացվել է այնպես, որ իրավապահներն ասում են․ մենք ի՞նչ անենք՝ դիմում կա, եթե ընթացք չտանք, մեզ կմեղադրեն հասարակական կազմակերպության ղեկավարի դիմումն անտեսելու մեջ։ Եվ երեկվանից արդեն ոստիկանության 6-րդ վարչությունն զբաղվում է այս դիմումի ճակատագրով։ Ոստիկաններն այցելել են խմբագրություն, պահանջել մեր աղբյուրի տվյալները, ապա հայտարարություն կազմել խմբագրի անունից, որտեղ մենք գրել ենք, որ աղբյուրը մատնանշել չենք կարող, սակայն եթե լրացուցիչ տեղեկություններ ստանանք պատահարի մասին, պատրաստակամ ենք օգնել գործի քննությանը։



Իրականում, եթե ոստիկանությունն ուզենար բացահայտել այս գործը, ոչ թե «Հրապարակի» խմբագրություն պետք է այցելեր, այլ Թումանյան փողոց, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ Ի դեպ, դեպքի վայրում մենք հայտնաբերել ենք առնվազն 10 տեսախցիկ՝ տեղադրված փողոցի երկայնքով՝ լուսատու սյուների վրա, մոտակա շենքի պատին, «Էյ-Ջի փրինթ» ընկերության մուտքի վրա։ Ցանկության դեպքում ոստիկանությունն ընդամենը պետք է առգրավեր այս տեսախցիկների տեսաձայնագրությունները եւ ուսումնասիրեր դրանք։



«Հրապարակ»