Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

1989-ի ուշ աշնանը Հրանտ Մաթեւոսյանն էր Ղարաբաղ եկել: Մաքսիմ Հովհաննիսյանը զանգեց, թե Հրանտ Մաթեւոսյանին Գանձասարը տեսնելու է բերում, պատվիրեց, որ «մի թեթեւ սեղան» պատրաստեմ:



Հանդիպեցինք, Մաքսիմ Հովհաննիսյանը ծանոթացրեց: Խմեցինք տնաքաշ օղի: Մեկ էլ որտեղից որտեղ՝ մեր հացի սեղանի վրա դղրդաց զինվորական ուղղաթիռը, պտտվեց-իջավ մոտակա դաշտում: Բոլորի մեջ աչքի էր ընկնում գեներալական ուսադիրներով մեկը՝ ցմփոր, կարմրած աչքերով: Մոտեցան մեզ, եւ գեներալը միանգամից պոռթկաց. «Ի՜՞նչ եք էսքան մարդով հավաքվել, ի՜՞նչ գործի վրա եք»:



Մաքսիմ Հովհաննիսյանը պարետության հետ մշտական կոնֆլիկտների դառը փորձ ուներ: Շատ մեղմ բացատրեց, որ գրողներ են, շրջան այցի են եկել: Գեներալը լրիվ փրփրեց, գոռաց, որ անմիջապես հավաքենք սեղանը եւ ցրվենք: Մաթեւոսյանը սփրթնեց, ընդոստ վեր կացավ եւ գեներալի ճխլված դեմքին նետեց. «Ես Հրանտ Մաթեւոսյանն եմ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր գրող, իմ տանն իմ ընկերների հետ մի կտոր հաց եմ ուտում, բարի եղեք բացատրել՝ ո՞վ եք Դուք, ի՞նչ եք անում այստեղ»: Եվ գեներալը սսկվեց:



Մեզնից մեկն առաջարկեց, որ շքախումբը միանա սեղանին, մի-մի բաժակ միասին խմենք: Մաթեւոսյանը դեմ եղավ: Լավ էր, պարետությունից մեքենան եկավ, գեներալը մեկնեց: Թե ուր՝ չիմացանք, որովհետեւ մյուսները մնացին ուղղաթիռի մոտ: Շուտով Ստեփանակերտ ուղեւորվեցին նաեւ Մաքսիմ Հովհաննիսյանն ու Հրանտ Մաթեւոսյանը:



Հաջորդ ամռանը Մաթեւոսյանին տեսա Գերագույն խորհրդում: Վեհերոտ մոտեցա, բարեւեցի: Իսկույն ճանաչեց: Անտրամադիր էր: Բաժանվեցինք: Մի երկու օր անց հանդիպեցինք բուֆետում: Սուրճ էր խմում: Բարեւեցի: Ասաց.



- Արի քեզ մեր գյուղ տանեմ:



Ինքը մեր գյուղում եղել էր: Ուզում էր փոխադարձել Ահնիձորի հմայքներով: Ցավոք, չհամարձակվեցի մեծ գրողի կյանքի մեջ մտնել թեկուզ մի քանի ժամով: Հետո ինքը Գերագույն խորհրդի նիստերի արդեն չէր գալիս: Այլեւս չհանդիպեցի նրան:



…Անցած կիրակի եղա Ահնիձորում: Գյուղ չմտած՝ ճանապարհին, բեռնամեքենաները փայտ էին բարձում: Հաճարենու հսկայական կտրոններ: Եվ եթե անգամ ամեն ինչ կարգավորված էր պետականորեն, օրինականացված, միեւնույն է՝ սպասում էի, որ, ահա-ահա, գյուղից կիջնի ձիավոր Տերը՝ Ռոստոմ Սարգսյանը, եւ կփակի ճանապարհը: Բայց գյուղը լուռ եւ բեռնամեքենաների եռուզեռին անտարբեր էր: Եվ միայն ցանկապատերից կախված դեղին դդումներն ու մի խնձորենու ամենաբարձր ճյուղից ուղիղ ինձ նայող կարմիր խնձորն էին հուշում, որ Հրանտ Մաթեւոսյանի Ահնիձորն եմ տեսնում:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ