Երեւանի գրավումը

Երեւանի գրավումը

Երեւանը գրավել են պարսկական տիրապետության տարիներից, նույնիսկ անհիշելի ժամանակներից. ավերակների վերածելով քաղաքը՝ «դուռ բացել» տեղաբնիկների արտագաղթի համար: Գրավել են պարբերաբար նաեւ մեր օրերում, իսկ թե ովքեր են գրավել՝ գաղտնիք չէ, հույժ գաղտնի «ազգային ազատագրական պայմաններում», իսկ թե ինչու են գրավել, դա իմ (մեր) իմանալու բանը չէ: Գուցե շատ էլ մեղավոր ենք, որ մի բուռ հայ, բայց... կես բուռ երեւանցի ենք մնացել...



Ուրեմն գրավել են... որ ի՞նչ անեն. եթե իրենց արածը չեն արել-վերջացրել՝ կշարունակեն... Երեւանն իրենց գավառամտությամբ մոդեռնացնելով, հին քաղաքից արդեն «իզ ու թոզ» չթողնելով, որ վերջնականապես ու լիակատար իրենցով անեն՝ միշտ հիշելով ու հիշեցնելով.



«Քաղաքը քաղաքի նման չէր, մանավանդ՝ մայրաքաղաքի»: Ախորժակը գրավելիս է բացվում. քաղաքի «երես» չտեսած – սպառողի հոգեբանությամբ Երեւանը վերաավերվում է ճարտարապետական անդեմ, վայրիվերո շինություններով: Քաղաքաշինական մտքի գիգանտիկների ամենակարող ձեռքը շարունակաբար «բռնող չկա», որ ասի. «Հարյուրամյա հնությունները քանդում եք, որ ի՞նչ անեք, որ տեղերում ձեզ պատկանող բազմաբնակարաններ, հոթել-մոթելներ «տնկեք», Երեւանը մեր եւ ապագա սերունդների տունն է, ոչ թե ձեր հյուրանոցային կոմպլեքս համալիրը»:



«Ձեռք բռնող» ասացի, ակամա հիշեցի. արդյոք ովքե՞ր են Երեւանը կառուցապատառ-պատառ անողները, եւ ովքե՞ր են նրանց ախորժակը «խթանողները»: Ահավասիկ, հետաքննող լրագրողների համար «թեմատիկ պլան»: Հետաքննություն անցկացնել, ճշտել, թե հատկապես Փոքր կենտրոնում եւ հարակից տարածքներում (ինչո՞ւ չէ՝ նաեւ արվարձանային եւ մերձարվարձանային շրջաններում) ով-ովքե՞ր եւ ինչպե՞ս են տիրացել,- անպայման բազմաթիվ մարդկանց տնանկավորելով, նաեւ շրջակա միջավայրի տապալման հաշվին,- քաղաքի յուղոտ պատառներին: Նրանց «տանիքային» հրամանատարները, վստահ եմ, հանրությանը հայտնի են, հակառակ դեպքում Հալեպից ոմն մեկը չէր կարող ձեռքերին այնքան ազատություն տար,- Լեւոն Սարգսյան, ականջդ կանչի,- որ քաղաքի բանուկ կենտրոններից մեկի որոշ մասն «իր գրպանում» հայտնվեր...



Հետաքննող լրագրողներ ասացի, իսկույն քաղաքացիական հասարակության ուրվականը հառնեց երեւանյան այլանդակադրոշմ «կախովի» շենքերից վեր: Սրանք երկուստեք փոխկապակցված են, անունները կան, ամաններում չկան: Հակառակ դեպքում,- այո, չզարմանաք,- համազգային ընդդիմադիր շարժում պետք է սկսվեր, թեկուզ այն ժամանակ, երբ Երեւանի կենսագրության մաս կազմող Լեզվի ինստիտուտի շենքը... «կրոնական» գերակա շահ անվան տակ ավերեցին՝ «հերթական եկեղեցին» կառուցելու համար:



Երեւանը դիմազրկելով՝ դիմազրկվում են քաղաքացին, քաղաքակրթությունը, ոչ հեռավոր անցյալի քաղաքաշինությունը, իսկ հենց այդ նույն ոչ հեռավոր անցյալում գյուղական բարքերի ու մտածելակերպ ունեցողների սիրտն ինչո՞ւ պետք է ցավի Երեւանը... հուղարկավորելիս: Մարդատյացությունը ծանոթ «կատեգորիա» է, բայց քաղաքատյացությունը՝ միայն մեզ բնորոշ...



Ի՞նչ է ստացվում. Հայ առաքելական եկեղեցին իր «լավագույն ավանդույթները» շարունակում է... անպայման ճարտարապետական որեւէ շինություն ավերելո՞վ պետք է եկեղեցի կառուցի:



Ինչո՞ւ ենք այդքան խորթացել Երեւանից: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ քաղաքը հողին հանձնեն: Երեւանը տարբեր ժամանակներում ցնցվել-կործանվել է բնական աղետներից, բայց միշտ քաղաքը փյունիկ թռչունի պես վեր է հառնել: Հիմա մենք, անբնական աղետի ականատեսը լինելով, լռում ենք, որովհետեւ Երեւանը գրավել են ճակատագրով եւ էությամբ չերեւանցիները, իսկ հայության զարկերակը մշտապես տրոփում եւ տրոփելու է Երեւանում, եթե մեզնից վերջնականապես չգրավեն եւ մի օր իրենց մանկության հանդ ու դաշտերի հիշողությունների «խաթեր» Երեւանը չհռչակեն ՀՀ մայրագյուղ...



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ