Չեմ կարծում, որ աղմուկ բարձրացնելու, խորանալու կարիքը կա. Գուրգեն Դաբաղյան

Չեմ կարծում, որ աղմուկ բարձրացնելու, խորանալու կարիքը կա. Գուրգեն Դաբաղյան

«Ես համերգների ժամանակ շատ երիտասարդներ եմ տեսնում: Եթե հետաքրքրված չլինեն, չսիրեն, ինտերնետով նայած չլինեն, երգերը չիմանան, հնարավոր չի գան համերգին, երգեն քո հետ միասին: Ես շատերին հանդիպել եմ, հենց երիտասարդների մեջ, որոնք չեն լսել այդ երգերը, լսելուց հետո որոշել են ծանոթանալ, դա շատ կարևոր է».- ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզվածություն հայտնեց, որ ժողովրդական երգերը բոլոր սերունդների համար են, ուղղակի ճիշտ մոտեցում է հարկավոր և ճիշտ «փաթեթավորում»:



«Երգիչները պարտավոր են դա անել»: Իսկ որքանո՞վ է այսօր արվում, այդ «ճիշտ մոտեցումը». «Որոշ չափով արվում է, բայց ես չեմ ասի, թե դա լիարժեք է արվում: Թերություններ կան, նաև երգիչների կողմից, ես կասեի: Իմ կոլեգաներն են, ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, նաև ես ունեմ այդ թերությունները, ես չեմ բացառում դա: Կան նաև կատարողներ, ովքեր լավ անում են, բարձր որակով և մակարդակով»:



Գուրգեն Դաբաղյանն իհարկե չէր կարող «զերծ մնալ» վերջերս արվեստի վաստակավոր կոչում ստացած երգիչ Արմենչիկի մասին մեկնաբանություններ տալուց. «Ժողովրդական ժանրի երգեր երգելը դա ուրիշ բան է, իսկ ժողովրդականություն վայելով երգիչը դա ուրիշ բան է: Ժողովուրդն ընտրում է այն, ինչ տալիս են իրենց, ես այդ առումով չեմ կարող շատ բան ասել: Իսկ իմ կոլեգաների համար ես չեմ կարող ասել, որովհետև իրենց հետ բոլորի հետ շատ ընկերական ու լավ հարաբերություններ ունեմ, ու եթե ինչ-որ տիտղոս տվել են, երևի թե արժանի են: Եթե ինչ-որ մեկին տվել են կոչում, կամ ենթադրենք ինձ տվել են, դա ինձ չի խանգարում, որ ես մնամ նույն Գուրգեն Դաբաղյանը ժողովրդի համար: Ես դրանից ոչ լավ եմ երգելու, ոչ վատ եմ երգելու, ոչ մարդիկ սկսելու են ինձ ավելի շատ սիրել, կամ չսիրել: Դա ավելի շատ սիմվոլիկ ուշադրություն է արտիստին, երգչին: Ես դա այքան չեմ կարևորում, որ այդքան աղմուկ են բարձրացնում, կենտրորանում են, խորանում են ամեն մանրուքի շուրջ, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»:



Բացի կորպորատիվ երեկոներից, համերգներից, ռեստորաներրում երգելու հրավերներ նու՞յնպես ստանում եք. «Իհարկե ունենում եմ հրավերներ: Դուք պետք է նկատի ունենաք, որ մեր շուկան փոքր է, մեր երկրի բնակչությունը տեղից փոքր է և վճարունակ չի: Այսօր համերգներ շատ քիչ են կազմակերպվում, չպետք է մենք համեմատվենք Ամերիկայի, Եվրոպայի, կամ Ռուսաստանի հետ, որովհետև այնտեղ մեծ քաղաքներ շատ կան, որտեղ մեծ համերգներ կարող ես տալ ու շատ շքեղ ապրել, իսկ մեր պայմաններում դա գրեթե անհնար է: Դրա համար երգիչները տարբեր քայլերի են դիմում, որը նորմալ է, ես այդ ամեն ինչին նորմալ եմ նայում, ընդունում եմ այդ հրավերները: Իհարկե ես ունեմ իմ պայմանները, իմ երգացանկը, եթե դրանք համապատասխանում են, Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ իհարկե լինում»:



Մեր մշակույթի, երգարվեստի գործիչները վերջերս բավականին ակտիվ մասնակցություն են ունենում նաև հասարակական-քաղաքական կյանքում, իսկ դուք չե ք՞ հետաքրքրվում հասարակական-քաղաքական կյանքով. «Իհարկե հետաքրքրվում եմ, հետևում եմ և հետևել եմ: Ես չեմ սիրում ուղղակի ասել, կամ անել մի բան: Eս իհարկե ունեմ իմ կարծիքը բայց դա իմ մեջ եմ աշխատում պահել, որովհետև դա այն ոլորտը չէ, որտեղ ես ինֆորմացիային տիրապետում եմ բավարար չափով: Ես զուտ քաղաքացի կարող եմ իմ կարծիքն ունենալ, այդքան բան»:



Լրագրողները նաև հետաքրքրվեցին Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից, արդյոք հայկական արմատներով ամերիկյան գերաստղը ճանաչու՞մ էր հայկական երաժշտությունը. «Ես մեր խոսքից և հանդիպումից հասկացա, որ տեղեկություն չուներ: Կամ եթե ուներ, շատ քիչ ինֆորմացիա էր, ու իրեն հետաքրքրում էր Հայաստանի մշակույթը հենց այն ձևով, որով որ ես մատուցեցի, ես և իմ հորեղբայրը՝ դուդուկով: Որովհետև եթե լիներ ժամանակակից գործիքավորումներով երգեր, որոնք մեր տեղի ժողովրդին շատ դուր է գալիս, կարծում եմ այդքան էլ հետաքրքիր չէր լինի: Իսկ այն տրադիցիոն տարբերակով՝ դամով, դուդուկով, հենց հորովելը բնօրինակ տարբերակով իրեն շատ-շատ հետաքրքիր էր, շատ հուզիչ էր, մեծ տպավորություններ էին ստացել»: