Մանկաբուժության ոլորտի հարցերն ուշադրության կենտրոնում են

Մանկաբուժության ոլորտի հարցերն ուշադրության կենտրոնում են

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Դմիտրի Իվանովին, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային: Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:



«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրի համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:



Քննարկմանը ներկա են եղել  ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը:



Քննարկվել են կրծքով սնուցման վերաբերյալ օրենսդրական մի շարք հարցեր:



ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստել է, որ վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների` մասնավորապես «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման շնորհիվ հաջողվել է արգելք մտցնել արհեստական կաթնախառնուրդներ գովազդելու գործընթացքում:



Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորել են բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը:



Նշենք, որ անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով: