Մոսկվայի հայկական թանգարանը փակվե՞լ է

Մոսկվայի հայկական թանգարանը փակվե՞լ է

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մեծ շուքով բացված Մոսկվայի հայկական թանգարանը անհասկանալի վիճակում է հայտնվել։ Այնտեղից հակասական լուրեր են գալիս։ Թանգարանի կոլեկտիվը վստահեցնում է, որ թանգարանը փակում են, իսկ հայոց եկեղեցու ռուսաստանյան թեմից վստահեցնում են, որ մշակութային այս հաստատությունը շարունակելու է գործել։ Այսօր թանգարանի աշխատակիցները հայտարարություն տարածեցին․ «Շտապում ենք ափսոսանքով հայտնել, որ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կամոք, Օլիմպիական պրոսպեկտ, տուն 9 հասցեում գտնվող Մոսկվայի Հայկական թանգարանը փակվում է։ Այս պահին արդեն թանգարանը նոր հանգրվան է փնտրում իր ցուցանմուշների համար, և հուսով ենք, որ շուտով այն կրկին և ավելի կատարյալ տեսքով կբացի դռները հայ համայնքի և ողջ մարդկության համար։ Ցավոք, մեր եկեղեցու առաջնորդը համարում է, որ եկեղեցական համալիրը պատկանում է բացառապես հոգևորականներին, որ նրանք են միայն իրավասու զբաղվել վանական համալիրի տարածքում գնտվող ցանկացած օբյեկտի ճակատագրով, ընդ որում, ոչ միայն կրոնական, այլև գիտական և մշակութային բնույթի»։ Ի՞նչու է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը որոշել փակել թանգարանը։ Այս հարցն ուղղեցինք արքեպիսկոպոսարանի լրատվական ծառայությանը։ Այնտեղից մեզ պատասանեցին, որ թանգարանը շարունակելու է գործել հոկտեմբերի 22-23-ից հետո։ «Թանգարանը չի փակվել, այլ ժամանակավորապես չի գործում հայագիտական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների  հետ կապված։ Այս գիտաժողովին մասնակցելու են ցեղասպանագետներ Թուրքիայից, Իսրայելից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։ Ցանկանում ենք, որ գիտաժողովն անցնի պատշաճ միջավայրում, ինչի համար մեզ անհրաժեշտ է թանգարանի տարածքը։ Կոնֆերանսի մեկնարկի հետ՝ հոկտեմբերի 22-23-ին, թանգարանը կվերաբցվի»։ Եկեղեցու առաջնորդարանից հայտնեցին նաև, որ թանգարանն այս ունի այցելուներ և որ հետաքրքրությունը դրա հանդեպ հատկապես մեծ էր բացման օրը։ «Հետագայում այն կապված էր եկեղեցու ակտիվության հետ։ Որպես հայ մշակույթին ծանոթանալու վայր առաջին հերքին ընկալվում է հայոց եկեղեցին»։ 2000 քմ տարածք զբաղեցնող հայկական թանգարանը հայ համայնքների ամենամեծ թանգարանն էր և հագեցված էր բարձր տեխնոլոգիական միջոցներով։ Այն մի քանի ամիս առաջ ստեղծվեց բարերար Ռուբեն Գրիգորյանի աջակցությամբ և կոչված էր ներկայացնելու մեր ազգի գոյության համար նշանակալի իրադարձություններն ու արժեքները:



Սյուզան Սիմոնյան