ԲՈՀ-ը այս տարի երկու անգամ քիչ աշխատանք է խոտանել

ԲՈՀ-ը այս տարի երկու անգամ քիչ աշխատանք է խոտանել

Այսօր գիտական աստիճաններ և կոչումներ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովը հրապարակեց չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը։ Ըստ դրա, 2015 թվականին մերժվել են ընդհանուր թվով 63 աշխատանքներ։ Անցյալ տարի խոտանված ատենախոսութոյւններն ավելի շատ էին՝ 128 աշխատանք, իսկ ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանը հայտարարում էր, որ յուրաքանչյուր 4-րդ աշխատանք հետ է ուղարկում։ Փաստորեն, այս տարի խոտանված ատենախոսությունների թվաքանակը կրկնակի նվազել է։ Խոտանի կրկնակի կրճատումը կարելի է ԲՈՀ-ի հաղթանակը համարել, բայց այս դեպքում պետք է ընդունել, որ փոփոխությունն այս անհավանական կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ և մասնագիտական խորհուրդները կայծակնային արագությամբ բարելավեցին իրենց գործունեությունը։ Գուցե ԲՈ՞Հ-ն ավելի հարմարվող դարձավ։ Դժվար է դատել, քանի որ այս մարմինը սովորաբար չի ներկայացնում, թե ատենախոսությունների որ մասն է վերջանակապես խոտանված, իսկ որը՝ վերադարձվել կրկնակի քննարկման։ Չի հրապարակում մերժում ստացող դիսերտանտների անուններ, չի ներկայացնում ատենախոսությունների վիճակագրությունը, դրանց հետագա ճակատագիրը՝ թե ի՞նչ է տեղի ունենում կրկնակի քննարկան ուղարկված աշխատանքների հետ, արդյո՞ք դրանք, իրոք, վերամշակվում են, թ՞ե ձևական մի երկու փոփոխությունից հետո կրկին ներկայացվում հանձնաժողովին։ Ինչպես միշտ, այս տարի էլ ամենաշատ աշխատանքները՝ թվով 11, վերադարձվել են տնտեսագիտության մասնագիտական խորհուրդներ՝ 5 աշխատանք ԵՊՀ, 4-ը՝ տնտեսագիտական համալսարանի և 2-ը՝ Սլավոնական համալսարանի խորհրդին։ Անցյալ տարի տնտեսագիտության ոլորտի 14 աշխատանք էր խոտանվել։ Քիչ է խոտանը արվեստագիտության, քիմիայի, պատմության, մանկավարժության բնագավառում։ Համապատասխան խորհուրդներին վերադարձվել է մեկական աշխատանք։