Վարդենիսի հիվանդանոցի վերանորոգման հարցում ոչ մի տեղաշարժ չի նկատվում

Վարդենիսի հիվանդանոցի վերանորոգման հարցում ոչ մի տեղաշարժ չի նկատվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոնը գտնվում է անմխիթար վիճակում: Հիվանդանոցի տնօրինությունը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է հիվանդանոցի խնդիրների մասին, սակայն մինչ օրս ոչ մի տեղաշարժ չի նկատվում հիվանդանոցի վերանորոգման հարցում: Բետոնե հատակով ու խարխուլ պատերով հիվանդանոցը մտահոգում է նաեւ քաղաքացիներին. «Ո՞վ չի ուզի վերանորոգված հիվանդանոցում բուժվի, մարդկանց հիմնականում Երեւանի հիվանդանոցները հենց իրենց բարեկարգությամբ են գրավում»,-անկեղծանում էին հիվանդանոցի այցելուները:



Հիվանդանոցը, բացի շենքային բազում խնդիրներից, ունի նաեւ մասնագետների ու սարքավորումների պակաս: Հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հովիկ Սարգսայնը Hraparak.am-ի հետ զրուցելիս նույնպես մտահոգ էր հիվանդանոցի առկա վիճակով. «Հիվանդանոցի անբարեկարգ լինելն ու ոչ արդիական բուժսարքավորումներով աշխատելը մեծացնում է բժշկի պատասխանատվությունը: Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով փորձում ենք հաղթահարել դժվարությունները: Եթե հիվանդանոցը ունենար սարքավորումներ, դիագնոստիկան էլ կլիներ: Մեր բաժանմունքում 4 պալատ կա, որ կարող ենք 10 հիվանդ ընդունել: Դիմողականությունը հիմա բարձր է: Սեպտեմբեր ամսին 40 ավելի երեխա ենք ընդունել հիվանդանոց: Այնպես է եղել, որ մի քանի հիվանդ ստիպված պառկեցրել ենք նույն պալատում՝ կողք կողքի: Վարդենիսի հիվանդանոցը 39 գյուղ սպասարկում է: Հիվանդանոցի վերանորոգման համար աջակցություն չեն ստանում որևէ մեկից, դա երազի պես բան է: Մեր ժողովրդի համար դժվար ու ծախսատար է հասնել մայրաքաղաք հետազոտվելու կամ, առավել եւս, հիմնական բուժում անցնելու համար, դա ոչ բոլորին է հասանելի: Այս խնդրի շուրջ զրուցեցինք Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Վիգեն Խաչատրյանի հետ, որն էլ իր հերթին հավաստիացրեց, որ ծանոթ են հիվանդանոցի անմխիթար վիճակին, հիվանդանոցի վերանորոգման հարցը այս պահին քննարկման փուլում է: 



Հավելենք, որ Սեւանի հիվանդանոցի հարցը լուծում ստացավ, սեւանցիները եւս երկու տարի պետք է համբերեն, դրանից հետո կունենան նորակառույց բժշկական կենտրոնը 40 մահճակալանոց հիվանդասենյակներ, շտապ եւ անհետաձգելի հիվանդությունների սենյակ, արդի բուժսարքավորումներով հագեցած համապատասխան բաժանմունքներ:



Նելլի Կարապետյան