Բագրատ Ասատրյանի կազմակերպությունը՝ կիբեռհանցագործության զոհ

Բագրատ Ասատրյանի կազմակերպությունը՝ կիբեռհանցագործության զոհ

ԿԲ նախկին նախագահ, «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանը վերջերս տհաճ պատմության մեջ է ընկել։ Կազմակերպության խոշոր հաճախորդներից մեկը կիբեռհանցագործության զոհ է դարձել։ Նա էլեկտրոնային փոստով բանակցություններ է վարել լոնդոնյան գործընկերոջ հետ, գործարք է կնքել, հաշվեհամար է ստացել, ապա այս հաշվեհամարով մոտ 70 հազար եվրո գումար է փոխանցել Լոնդոն։ Սակայն գումարն այս ստացել է ոչ թե հասցեատերը, այլ բոլորովին այլ անձ։ «Գառնի ինվեստի» ղեկավար Բագրատ Ասատրյանը չմանրամասնեց խարդախության մեխանիզմը։ Նաև չհստակեցրեց գումարի չափը, նշելով, որ այն «նշանակալից» է։ Նա միայն ասաց, որ հագերները կոտրել են իր հաճախորդի էլեկտրոնային հասցեն։ «Գումարին տիրացել են էլեկտրոնային փոստը ջարդելու միջոցով։ Ջարդել են, մտել են, այստեղից գումար են տարել։ Դիմել ենք 6-րդ վարչության ստորաբաժանմանը և Կենտրոնական բանկին, որտեղ կա փողերի լվացման և ապօրինի շրջանառության կանխմամբ զբաղվող ստորաբաժանում։ Հիմա ինտերպոլով քննություն է ընթանում։ Արդյունքներին սպասում ենք»։ Բագրատ Ասատրյանը վստահում է մեր իրավապահներին, և կարծում է, որ խնդիրը Լոնդոնում է։ Առաջիկայում նա պատրաստվում է փաստաբան վարձել այնտեղ, որը կպաշտպանի իր կազմակերպության շահերը։ «Ակնհայտ է հանցագործության փաստը և որ գումարներին տիրանալու մեջ բանկային պրոցեդուրաներ են խախտվել։ Գումարը փոխանցվել է մեր հաճախորդի հանձնարարությամբ մի անձի հաշվի վրա։ Այսպիսի կարգ գոյություն ունի՝ և այստեղ, և այնտեղ, որ մեծ փոխանցումներ կատարելիս բանկը պետք է համոզված լինի, որ գումարը ստացողը հենց նշված անձն է», - ասաց ԿԲ նախկին նախագահը։ Քրեական գործը հարուցվել է Քր․ Օր-ի 181-րդ հոդվածի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ։ Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանին խնդրեցինք տեղեկացնել նախաքննության ընթացքի մասին։ «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակության փորձ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հափշտակությունները կատարվել են արտերկրից կատարված գործարքների միջոցով եւ քննչական պահանջներ են ուղարկել Մեծ Բրիտանիա, Նիգերիա, Կիպրոս, Չեխիա։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»։



Սյուզան Սիմոնյան