Արփինե Հովհաննիսյանին «տամպոն» ու «ներդիր» բառերը դուր չեն գալիս

Արփինե Հովհաննիսյանին «տամպոն» ու «ներդիր» բառերը դուր չեն գալիս

Արփինե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանն էր ներկայացրել ազատազրկվածների համար կարևոր մի որոշում, որով պետք է որ փոխվեին կալանավայրերում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, անկողնային ու հիգիենիկ պարագաների, հանդերձանքի չափաբաժինները, դրանց շահագործման ժամկետները։ Նախկին որոշումը ընդունվել էր 2003 թվականին։ Այն ժամանակվանից շատ բան է փոխվել, և բնականաբար, կային չկարգավորված հարցեր։ Հիմնականը, թերևս սննդի որակի և սահմանված չափերի խախտման հարցն էր, որին նախարարը որևէ կերպ չի անդրադարձել։ Գաղտնիք չէ, որ կալանավայրերի խոհանոցն այնքան անորակ է, որ միայն առավել չքավորները, կամ հարազատ չունեցողներն են դրանից օգտվում։ Այս խնդրից սկսելու փոխարեն, նախարարը կոսմետիկ բարելավման ճանապարհն է ընտրել։ «Մենք սկզբունքորեն կարգավորում ենք մի քանի խնդիրներ, ոչ միայն հիվանդ, այլ նաև հղի, կերակրող մայր, կամ անչափահաս դատապարտյալների սննդի չափաբաժինները», - հայտարարում է նա։ Իրականում, փոփոխությունները շատ չեն։ Դատապարտյալների օրական ռացիոնին ընդամենը ավելացվել է 25 գրամ բուսական յուղ։ Նախկին որոշմամբ սահմանված էր, որ դատապարտյալն իրավունք ունի բնակվել մինչև 3 տարեկան երեխայի հետ։ Նոր որոշմամբ պետությունը այս երեխաներին նաև մանկական սնունդ, երեխայի խնամքի միջոցներ, հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք է տրամադրում։ «Ամենահեղափոխական» փոփոխությունը Արփինե Հովհաննիսյանը մտցրեց կանանց հիգիենիկ պարագաներով ապահովելու հարցում։ Նա հին որոշման սահմանմանը, որը մանրամասնում էր կանանց հիգիենիկ պարագաների ցանկը՝ «հիգենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ (ներդրուկ) և այլն» նոր, ավելի «առաքինի» խմբագրմամբ ներկայացրեց․ «կանացի հիգիենայի միջոցներ»։ Ի դեպ, կանանց տրվող «տամպոնների» քանակը չի ավելացել։ Դրանց համար կանանց գաղութում մինչև հիմա «ցելլա» են գցում, լրացուցիչ «տամպոնը» երազանք է, տարեց կանայք, ովքեր վերապրել են կլիմակտերիկ շրջանը, հավաքում են տամպոնները և փոխանակում դրանք ավելի պիտանի պարագաների հետ, տամպոնների և միջադիրների միջոցով «Աբովյանի» բնակիչները միմյանցից ծառայություններ են «գնում»։ Այսօր էլ, ինչպես 10 տարի առաջ կանանց գաղութում հիգիենայի պարագաների պակաս կա։ Այնուամենայնիվ, Արփինե Հովհաննիսյանից այսօր այլ բան էր սպասվում՝ որ նա դուրս գա կառավարության շքամուտքից, որտեղ բողոքի ակցիա էին անցկացնում ցմահ դատապարտյալների հարազատները։ Սակայն նորանշանակ նախարարը չցանկացավ տեսնել այս մարդկանց, կիսել նրանց ցավը, հասկանալ, թե ինչով կարող է օգնել, կամ գոնե սփոփանքի խոսք ասել, պարզապես զրուցել նրանց հետ։ Նախարարը ծլկեց հետևի մուտքից։  



Սյուզան Սիմոնյան