Տաշած քարի հեքիաթը

Տաշած քարի հեքիաթը

Հայաստանում, անշուշտ, շատերն են տպավորված Տիգրան Սարգսյանին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ նշանակելու փաստից: Սա նույնն է, ինչ ԵՏՄ վարչապետը: Եվ քանի որ միայն տպավորված են ու ոչինչ չգիտեն այս պատմության մասին, արդեն լեգենդներ են հյուսում, այդ նշանակման պատճառներն են մատնանշում, խոսում նույնիսկ հետեւանքների մասին: Էլ չասենք, որ այդ նշանակումը կապում են արդեն Արեւմուտք-Արեւելք աշխարհաքաղաքական գործընթացների հետ եւ հասցնում ընդհուպ գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտ:



Ոլորտ ասեցինք՝ հիշեցինք: Հիշո՞ւմ եք Տիգրան Սարգսյանը որ ոլորտի մասնագետ էր: Ինչպե՞ս էր կոչվում, էն, որ Լենինի արձանի հետեւում հավաքվում էին ու կանչում՝ դոլար առնեմ լավ գներով, դոլար կա՞, ապեր, մոտդ, էն, որ հետո կանոնակարգվեց եւ կոչվեց «չենջ», հետո՝ տարադրամի փոխանակման կետ, եւ հետո էլ բանկերն սկսեցին այդ կետերի վրա դոլար-դրամ խաղեր տալ ու հարստանալ՝ ժողովրդին հասցնելով աղքատության դուռը: Այ, այս ոլորտի կարկառուն դեմքերից է Տիգրան Սարգսյանը, որը, ինչպես պարզվեց, միջազգային համբավ էլ ունի: Հինգ երկրի առաջին դեմքերը, պատկերացնո՞ւմ եք, կոնսենսուսով հենց նրան են նշանակում ԵՏՄ վարչապետ: Բերանով ասելն է հեշտ:



Տիգրան Սարգսյանին ահռելի աշխատանք է սպասվում նոր պաշտոնում: Նա պետք է հինգ երկրի արժույթներն իրար խառնի եւ մի այնպիսի բան ստանա, որ ոչ միայն սպասարկի ԵՏՄ ողջ տարածքի առեւտւրը, այլեւ փոխարկելի լինի դոլարի եւ եվրոյի հետ: Կարճ ասած՝ Տիգրան Սարգսյանին բերել են, որ ազգային արժույթների հիման վրա նոր փող ստեղծի:



Իսկ դրա համար մեկ տարին կարող է չբավականացնել, եւ, հաջողությունից կախված, նոր կոնսենսուս կայացնեն՝ ժամկետը եւս մեկ տարով երկարացնելու համար:



Չի բացառվում, իհարկե, որ նոր պաշտոնում Տիգրան Սարգսյանը մանր-մունր բաներով էլ զբաղվի՝ օրինակ, ԵՏՄ-ում կթի պրոցեսի արդիականացման հարցերով, օֆշորներում ԵՏՄ փողատերերի միջոցները նպաստավոր պայմաններով ներդնելու խնդիրներով, չի բացառվում՝ Մոսկվան դարձնի տեխնոպարկ եւ ծովափնյա քաղաք, ինչու չէ՝ Կճոյանին էլ նշանակի Սադովոյե կոլցոյի ներսի հայ համայնքի հոգեւոր հովիվ:



Երազանքը՝ երազանք, բայց մեզ մոտ մարդիկ կան, որ իրենց «լրջի տված»՝ Տիգրան Սարգսյանի նոր նշանակումը բացատրում են Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ կամուրջ գցելու անհրաժեշտությամբ: Եվ ոչ մեկի պետքն էլ չէ, որ նման առաքելություն կատարելու համար առնվազն Հռոմի պապ պետք է լինել: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը, փողոլորտից բացի, մյուս բոլոր ոլորտների անհաջողակն է, եթե չասենք՝ ամենաանհաջողակը: Այստեղ են ասել՝ նրա գցած կամուրջն ի՞նչ պետք է լինի: Նա չկարողացավ կամուրջ գցել նույնիսկ ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի միջեւ, էլ ուր մնաց՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կամուրջ կառուցի: Մեր քաղաքագետները պնդում են՝ պատահական չէր, որ ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանին նշանակեցին ԵՏՄ վարչապետ: Հիմարություն: Եթե խայծն այս դեպքում ԱՄՆ-ն է եւ ոչ թե Տիգրան Սարգսյանի՝ փողերով ժանգլյորություն անելու մեծ վարպետությունը, ապա կարող էին այդ պաշտոնում նշանակել ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանին կամ Ղազախստանի եւ կամ Ղրղզստանի:



Հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ՝ իսկ Արեւմուտքը պատրաստվո՞ւմ է ճանաչել մի այնպիսի կառույց, ինչպիսին ԵՏՄ-ն է: Արեւմուտքին երբ պետք է, հարաբերվում է Մոսկվայի, Մինսկի, Երեւանի, Աստանայի հետ: ԵՄ-ի ի՞նչ դարդն է կտրվել, որ Ռուսաստանից գազ գնելու փոխարեն, գնա, ԵՏՄ-ից գազ գնի: Եվ կամ Մոսկվան ինչո՞ւ պետք է ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցուցումով այս կամ այն ապրանքը ներկրի դրսից: Մի՞թե միայն նրա համար, որ Տիգրան Սարգսյանը մոստիկ է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ:



Այն էլ են ասում, որ Հայաստանը չէր կարող ուրիշին նշանակել այդ պաշտոնում, որովհետեւ ստատուսի խնդիր կա: Սա, թերեւս, ամենածիծաղելի բացատրությունն է: Նախ՝ Հայաստանը չի նշանակել, Հայաստանն առաջարկել է: Հիշո՞ւմ եք, Հովիկ Աբրահամյանն էլ էր բան առաջարկել՝ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: Մեդվեդեւն էլ ուրախացել էր այդ առաջարկից: Հիշեցի՞ք: Ահա եւ Պուտինն ասել է՝ առաջարկե՞լ եք ռուբլով առեւտուր անել, ուրեմն կազմակերպեք եւ այնպես, որ բոլորը մտնեն ռուբլու գոտի: Հարց՝ իսկ ո՞վ է վալյուտայի գծով ԵՏՄ տարածքի ամենահայտնի մասնագետը: Դե, իհարկե, Տիգրան Սարգսյանը: Իսկ ինչ մնում է ստատուս-մստատուսին, ներող կլինեք, Տիգրան Սարգսյանից ավելի խայտառակ ստատուս ունեցող չկա՝ խաբեբա բանկիր եւ արտաքսված վարչապետ՝ սա է նրա ստատուսը: