«Թան չեք տեսել, թանաման էլ չեք տեսե՞լ…»

«Թան չեք տեսել, թանաման էլ  չեք տեսե՞լ…»

Երբ նայում եմ, թե իշխանական կարծր լծակների դեմ ինչ ուժեր են դուրս բերվում, ներող կլինեք, «պատի ծակը հարյուր թումանով ման եմ գալիս, որ մտնեմ մեջը»:



Շատերը պատերազմից, մեծ- մեծ հաղթանակներից են խոսում, լռում եմ, զարմանալով՝ թան չեն տեսել, թանաման էլ չեն տեսե՞լ…



Նույն բանը, առանց դույզն իսկ կասկածի, Սերժ Սարգսյանն է մտածում՝ «Թան չեք տեսել, թանաման էլ չեք տեսե՞լ… »



Քիչ թե շատ ռազմական բնագավառին ծանոթ մարդ, ասեմ, որ կռիվ դուրս գալուց առաջին հերթին ախոյանի, թշնամու, դիմացինի ուժերն են չափում: Ի՞նչ դասավորություն ունի, ի՞նչ պաշտպանական դիրքերի տեր է, ի՞նչ ստորոտների է տիրապետում և վերջապես մարդկային գործոնն ու զրահատեխնիկան:



ՀՀԿ-ն բոլոր բարձունքները վերցրել է: Մի պաշտոն չկա, որ իրենը չլինի, վերջին շրջանում էլ ում հինգ տոկոս կասկածում, փոխում է: Ընդդիմադիրներից էլ հայտնի չի, բոլորի՞ն է վերցրել, թե մի քանիսը կան, որ դեռ պայքարում են:



Քաղաքացիական շարժումներից, եթե անկեղծ լինեմ, բան չեմ հասկանում: 50-100 հոգով գնում են ԱԺ- ի դիմաց և նախագահի հրաժարականը պահանջում:



Մոռացե՞լ եք՝ քանի հարյուր հազարով էինք գնում ու կես ժամ տալիս նախագահին: Ի՞նչ եղավ, դուք ասեք, ես արդեն հոգնել եմ խոսելուց:



Ժողովուրդը ուժ չի տեսնում, քաղաքական ուժ: Հավաքների սակավամարդությունը հենց դա է վկայում: Հավատն իսպառ վերացել է: Ամենավատ բանը, որ կարող էր իշխանությունը դնել այս ժողովրդի գլխին, հույսն ու հավատը իսպառ վերացնելն է եղել: Ու պատվով արել է: Հիմա ժողովուրդը ոչ իշխանավորներին, ոչ ընդդիմադիրներին «մի քոռ կոպեկի չափ չի հավատում», էլ կորցնելու բան չունի:



Մնում է, որ Սահմանադրական բարեփոխումներին էլ ոչ մեկին չլսի, գնա ու իր իմացածը անի: Թող թաղի տղերքն ու կնանիքն իրենցն անեն, դուք էլ գնացեք ձերը արեք: Ձեր ուզածով:



Կարծում եմ՝ հավատը կորել, բայց արժանապատվությունը դեռ չի կորել:



Հասմիկ Բաբաջանյան