ՀՀԿ-ն նեղություն թող չքաշի, ընդդիմությունը կհավաքի իր ուժերը

ՀՀԿ-ն նեղություն թող չքաշի, ընդդիմությունը կհավաքի իր ուժերը

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները հաճախ են բարձրաձայնում ընդդիմադիր դաշտի ամայացման մասին՝ դա ներկայացնելով իբրեւ անդառնալի իրողություն, որի մեղավորն իրենք՝ ընդդիմադիրներն են: Գալուստ Սահակյանը մեզ հետ անգամ անկեղծացել էր, որ հին ու մաշված ընդդիմությունը փակել է նորերի ճանապարհը. «Ընդդիմությունը նույն իր մոտեցումներով, հայհոյանքներով, դրսեւորումներով, առանց որեւէ նպատակադրումների, բացի իշխանության գալուց, փորձում է իր միտինգներով կանխարգելել նրանց, ովքեր ավելի նոր սերունդ են եւ ավելին կարող են անել»:



Հետեւաբար, ՀՀԿ-ն նոր ու հատկապես կառուցողական ընդդիմության փնտրտուքների, ավելի ճիշտ՝ արարման մեջ է, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խոստովանել է, որ ջանք չեն խնայի կառուցողական ընդդիմություն ստեղծելու համար, որը պետք է լինի կառուցողական ու գաղափարական, ոչ թե հայհոյող:



ՀՀԿ-ական հին գվարդիայի պատգամավոր Վազգեն Կարախանյանը, «մեծ հաշվով», համաձայն է թիմակիցների հետ, իսկ ո՞րն է ՀՀԿ-ի՝ ընդդիմության «իդեալը»։ «Մեզ պետք են այնպիսի ընդդիմադիրներ, որոնք ոչ թե աթոռակռիվ են տալիս, այլ նպաստում են երկրի ամրապնդմանն ու զարգացմանը: Էդ կարգի ընդդիմությունը ցանկացած իշխանության համար նախընտրելի է»: Կարախանյանը չի կարծում, սակայն, որ ընդդիմություն ստեղծում են կամ կերտում. «Մենք պիտի հզոր Հայաստան կերտենք, իսկ ընդդիմությունը ծնվում է ըստ իրավիճակի»: ՀՀԿ-ականին դուր չի գալիս, որ մերօրյա ընդդիմադիրներն անձնավորված պայքարի են դուրս եկել, պատգամավորի խոսքով, նրանք ոչ «մեղք ունեն, ոչ խելք, ոչ պատասխանատվություն». «Հանրապետականին քննադատելն աններելի մեղք չէ, բայց երբ երկրի ղեկավարի հասցեին են բաներ ասում, ինչ-որ մի տեղ նաեւ խուլիգանական արտահայտություններ անում, մտածում եմ, որ էս մարդն իրա երկիրը չի սիրում, որ իր երկրի սիմվոլների հետ նման կերպ են վարվում»: Բայց չէ՞ որ ցանկացած իշխանություն արժանի է իր ընդդիմությանը եւ ճիշտ հակառակը. Կարախանյանը հիշեց, որ իշխանությունը լավ ու կառուցողական ընդդիմություն էլ ունի՝ ի դեմս ՀՅԴ-ի. «Նա շատ կառուցողական ընդդիմություն է: Երբ արցախյան ազատամարտը գնում էր, իսկ կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, բայց ՀՅԴ-ն մասնակցություն ունեցավ, իսկ շատերը, որոնք այսօր հոխորտում են, այն ժամանակ ասում էին՝ ե՞րբ պիտի պրծնի էս կռիվը, այ մարդ, եկեք Ղարաբաղն էլ տանք՝ պրծնենք»:



ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի կարծիքով, ընդդիմություն կա, չի մեռել։ «Ես ընդդիմության նկատմամբ ունեմ հարգանք»,- ասաց ՀՀԿ-ականը, ապա բառացիորեն փախեփախ արեց՝ հորդորելով հարցերն ուղղել ընդդիմության չգոյության մասին հայտարարող իր գործընկերներին:



ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանն էլ իր անկեղծությամբ փայլեց. «Իհարկե, կառուցողական ընդդիմություն հիմա չկա, ամեն մեկն իր համար առանձին… «բաժանիր, որ տիրես»-ի նման»։ Այսինքն, ընդդիմություն չլինելու ամենամեծ մեղքն իշխանությունների՞նն է, որը «բաժանեց, որ տիրի»։ «Դե հիմա այդպես է ստացվում»:



Պատգամավորը թերեւս րոպեներ անց հիշեց, որ ԲՀԿ-ն փետրվարյան արշավանքներից հետո ԱԺ-ում գրանցվել է որպես ընդդիմադիր խմբակցություն, ու շտկեց խոսքը։ «Բայց դուք տեսնում եք, չէ՞, որ մենք ընդդիմություն ենք եւ հարցեր ենք տալիս իշխանություններին եւ ուզում ենք ժողովրդի շահերը պաշտպանենք: Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե որն է կառուցողական ընդդիմությունը, բայց մենք մտահոգված ենք ժողովրդի խնդիրներով»,-ասաց պատգամավորը: Մեր դիտարկմանը, որ դաշտում գործող ընդդիմադիրները լուրջ եւ իրական վտանգ չեն ներկայացնում իշխանություններին եւ դրա համար էլ իշխանությունը փոխելու եւ առավել ժողովրդավար երեւալու անհրաժեշտություն են տեսնում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե իհարկե, բոլոր զարգացած երկրներում էլ ընդդիմություն հարկավոր է, դա պետք է, եթե ընդդիմություն չկա, զարգացում չի կարող լինել, բայց թե… իշխանությունը որոշակի առումով եւ ճիշտ է, եւ սխալ, բայց թող նաեւ մեր բարձրաձայնած հարցերը լուծեն, իսկ սխալ իրագործող մարդկանց էլ պատժի ենթարկեն»:



ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր, այժմ ընդդիմության շարքերն անցած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանին հարցրինք. ով-ով՝ ՕԵԿ-ում լավ կիմանան ընդդիմության հարցում ՀՀԿ-ի ճաշակի մասին, ինչպիսի՞ ընդդիմություն է երազում ՀՀԿ-ն, որն այդպես էլ չի գտնում։ «Ես չգիտեմ ՀՀԿ-ն ինչ ճաշակ ունի ընդդիմության հարցում, բայց կարծում եմ՝ մեր ընդդիմադիրները կատարում են իրենց գործառույթները՝ բարձրաձայնելով երկրում ծառացած խնդիրների մասին, թե ինչու իշխանությունները չեն կատարում դրանք, այ, դա է գլխավոր հարցն ու խնդիրը: ՕԵԿ-ը մշտապես ներկայացրել է հասարակության այն խնդիրները, որոնք անտեսված են իշխանական շրջանակների կողմից, ակտիվորեն մասնակցել ենք ոչ միայն օրենսդրական նախագծերի քննարկմանը, այլ նաեւ հանդես ենք եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Այդ իսկ պատճառով 2014 թվականին ՕԵԿ-ը ճանաչվել է ամենաակտիվ խմբակցությունը»:



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ է տալիս իշխանականներին չչարախնդալ, որովհետեւ եթե նույնիսկ ընդդիմություն չկա, ապա դա չի բխում երկրի շահերից. «Քանի դեռ մեր երկրում այսքան խնդիրներ կան, մենք բոլորս էլ ընդդիմադիր ենք լինելու: Ինչ վերաբերում է, որ թույլ է ընդդիմությունը, դե գիտե՞ք ինչ, տարիներ շարունակ ընդդիմության դեմ միջոցառումներ են կազմակերպվել, եւ բնական է, որ ընդդիմությունը, չունենալով մեծ կադրային եւ ֆինանսական հնարավորություններ, փորձությունների ենթարկվելով, ինչ-որ պահի կարող է թուլանալ, բայց դա չի նշանակում, որ ոչնչացել է, ամայացել է դաշտը»: Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ականները նեղություն չպիտի կրեն նոր ընդդիմություն ձեւավորելու հարցում. «Ընդդիմությունն ինքն իր վրայից կթոթափի այն բեռը, որն իր վրա կուտակված է, եւ կշարունակի երկրում իր հստակ մոտեցումներով եւ իշխանություններին քննադատելով՝ պահել իր դերն ու նշանակությունը: Այո, միեւնույն ժամանակ ես այն կարծիքին եմ, որ հայհոյելը ոչ մի դրական արդյունք չի բերում, եւ այդ մեթոդը չի աշխատում: Պետք է նոր մոտեցումներ մշակել»: