Արցախի հարցում սպասելի փոփոխություննե՞ր, թե՞ սոսկ արտահոսք

Արցախի հարցում սպասելի փոփոխություննե՞ր, թե՞ սոսկ արտահոսք

Պարբերաբար քննարկումների թեմա է դառնում ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի որոշ հողերի վերադարձի թեման: Ամեն անգամ ՀՀ իշխանությունները հերքումներով են հանդես գալիս, ու հարցն ինչ-որ ժամանակով սառեցվում է: Հայաստանում կրկին այդպիսի ժամանակներ են, միայն թե տարբերությամբ, որ հողերի հանձնման հավանականության հարցը հիմա չեն բացառում անգամ իշխող ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Դրան զուգահեռ, Արցախի նախագահ Բակո Սահակյանն է անսպասելի հայտարարություններ անում՝ խտացնելով Արցախի հետ կապված վտանգավոր սպասումները: Իսկ ԼՂ կարգավորման գործընթացի կուլիսային զարգացումների մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի օրերս Հայաստան այցից հետո: Լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան՝ ակնկալիքով, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում: Այդ օրերին էլ ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Կոմերսանտը», հանդես եկավ հրապարակմամբ՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին եւ գրելով, որ ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի ու եւս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեեւ պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով:



«Կոմերսանտի» աղբյուրները պնդել էին նաեւ, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել: Ըստ «Կոմերսանտի», սակայն, Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի առաջարկած այս փոխզիջումներին չեն համաձայնել: Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում: Երեւանում եւս հրաժարվել են խոսել տարածքներ զիջելու մասին՝ թեման կտրուկ փակելով: «Կոմերսանտի» հոդվածին անդրադարձավ Սերժ Սարգսյանը, խոսնակի միջոցով հայտարարելով, որ անանուն հոդվածները չեն մեկնաբանում: Բայց չհերքելով՝ նման քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը բառացիորեն ասել էր. «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաեւ ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն եւ երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար եւ Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»:



Կասկածներն ավելի խորացրին նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում` «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսում հնչեցրած պրոռուսական, բայց մեզ համար վտանգավոր հայտարարությունները: Նա ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ապա նշել, որ Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային տեռորիզմի դեմ պայքարին եւ, մասնավորապես, օգնել Ռուսաստանին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում:



«Այն բանից հետո, երբ գործարկվի Ստեփանակերտի միջազգային օդանավակայանը, Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքի օգտագործման հարցերը»,-զգուշորեն հայտարարել էր Արցախի նախագահը:



«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ, ռուսաստանյան անցուդարձին քաջատեղյակ Արամ Կարապետյանը, անդրադառնալով թեմային, ասաց, որ այս ամենն ընդամենը «կազմակերպված արտահոսք» է՝ հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանի հետ հեռահար պլաններ ունեցող Ռուսաստանն այսկերպ «օգնության» է հասնում այդ երկրի ղեկավարությանը. «Ադրբեջանի ներսում «խառնաշփոթ» գործընթացներ են, աստիճանաբար սրվող տնտեսական վիճակը, համատարած գործադուլներ. այս իրավիճակում Ալիեւի համար կենսական են դառնում գոնե արտաքին թվացյալ հաջողությունները»: Կարապետյանը դեպքերի ժամանակագրությունն է հիշում. «Սկզբում ադրբեջանական կողմը գնդակոծեց մեր սահմանները, Լավրովը հասավ այնտեղ, խոստացավ հարցը լուծել: Ադրբեջանցիները մտայնություն ունեն, որ Ռուսաստանը լիակատար վերահսկողություն ունի մեր նկատմամբ, իրականում՝ գուցե իշխանությունների եւ այլ փողային տեղաշարժերի վրա ունի, բայց ոչ Արցախի, Ցեղասպանության։ Նման հարցերում հայկական ֆակտորը ոչինչ չի կարող կանխել: Ամեն դեպքում, Ռուսաստանն իր «առաքելությունը» կատարեց, կազմակերպեց արտահոսքը»: Իրականում, Կարապետյանի խոսքով, առանց պատերազմի հնարավոր չէ տարածքներ հանձնել:



Քաղաքագետի գնահատմամբ՝ պատահական չէր նաեւ Լավրովի Հայաստան այցի ժամանակահատվածը, ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւը. Ուոլթերի զեկույցը լիագումար նիստ մտցնելուց հետո ՌԴ ներկայացուցչին օգնության են կանչել. «Լավրովը եկավ, ասաց՝ հանգիստ եղեք, Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվի, չէ՞ որ քննարկումներ կան, որ Թուրքիան ու Գերմանիան են ուզում համանախագահողներ դառնալ, ասում են՝ թող Ղարաբաղն էլ դառնա, Թուրքիան էլ դառնա»: Իսկ Բակո Սահակյանի հայտարարությունը, ըստ Կարապետյանի, կազմակերպված «հոգեբանական» աջակցություն է առանց այն էլ տնտեսապես եւ բոլոր հարցերում ոչ լավ վիճակում գտնվող Պուտինին. «Մեր իշխանությունը նման անհեթեթ հայտարարություններ առաջին անգամ չէ, որ անում է»:



Քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ, Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները, իրականում, նոր իրավիճակ են առաջ բերել, եւ այդ հարաբերություններն իրենց ազդեցությունն են ունենում բոլոր եւ հատկապես հակամարտություն ունեցող երկրների վրա. «Փաստ է, որ Ղարաբաղի խնդիրը հիմա միջազգային մեծ հնչեղություն է ստացել, ի վերջո, այս աղմուկն սկսվեց ԵԽԽՎ բանաձեւի մեծ օրակարգ մտցնելուց հետո: Անհասկանալի էր, թե ինչու Մեծ Բրիտանիայի դիվանագետի կողմից նման քայլ արվեց»: Քաղաքագետը նկատում է, որ չնայած խնդրի խաղաղ կարգավորումն ստանձնած Մինսկի խումբը կտրուկ է արձագանքել աղմկահարույց խոսակցություններին՝ մերժելով այդ մոտեցումները, բայց ինքը չի բացառում ինչ-ինչ փոփոխությունները: «Գոնե ռուսական քաղաքականությունն արդեն ակնհայտ է»։ Քաղաքագետը վկայակոչեց ՌԴ նախագահի օրերս տված հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու առումով. «Աղմուկ պետք չէ, բայց ուշի ուշով հետեւել է պետք»: