Հրազդանում գազի պայթյունից տուժած կինը մահացել է

Հրազդանում գազի պայթյունից տուժած կինը մահացել է

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում այդպես էլ գիտակցության չգալով երեկ մահացել է, Հրազդանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած 68-ամյա կինը։
Hraparak.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին այրվածքաբանական բաժանմունքից։
«Կնոջ վիճակը շարունակում էր ծանր մնալ, և դուրս չգալով այդ վիճակից՝ երեկ մահացավ»,- ասաց բժշկուհի Կարինե Բաբայանը։



Իսկ հրդեհի հետևանքով տուժած  21-ամյա  Սարմեն Հակոբյանը, ում վիճակը բժիշկները գնահատում էին միջին ծանրության, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա մահացած կնոջ թոռան ընկերն էր:



Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքում բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 27 բնակարանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով, ինչի հետևանքով բնակարանի վարձակալ Է. Մ.-ն (ծնվ. 1947թ.) և Ս. Հ.-ն (ծնվ. 1994թ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ. բժիշկները Ս.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Է.Մ.-ինը՝ ծանր:



Տուժածները տեղափոխվել են Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.31-ին, մարվել՝ 19.40-ին: Հյուրասենյակում մասամբ այրվել են սեղանը, անկողինը, գորգը, վարագույրն ամբողջությամբ, կոտրվել են պատուհանի ապակիները: