Համերգ սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին

Համերգ սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:



Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մտավորականներ, հյուրեր՝ Հայաստանից և Սփյուռքից:

Դեյր Զորի մասին պատմող ֆիլմի հատվածներին զուգահեռ՝ սիրիահայ երգիչներ և երաժիշտներ Անի Մոմճյանը, Ցոլեր Կարագուլյանը, Պերճ Քարազյանը, Պողոս Բեյազբեկյանը, Հակոբ Ֆաքճյանը, Շահե Քեշիշյանը հանդես եկան Կոմիտասի և այլ հայ հեղինակների կատարումներով:

Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել նաև ֆիլմում լսելու 102-ամյա Ներսես Այվազյանին: Ներսես պապը թոռներին էր պատմում էրգրից բերած լուսանկարների պատմությունը:

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ընթերցել է նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Շնորհակալ ենք Ձեզ, որ, չնայած բազմաթիվ արհավիրքներին, շարունակում եք ստեղծագործել՝ պահպանելով սիրիահայ մշակույթի լավագույն ավանդույթները, շարունակում եք ապրել ու արարել՝ հարստացնելով և զարգացնելով հայկական մշակույթը: Օսմանյան Թուրքիայում նախապես ծրագրված և պետական մակարդակով կազմակերպված կոտորածի հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց մի ամբողջ ժողովուրդ: Ազգի մի ստվար հատված դարձավ աշխարհասփյուռ: Դեյր Զորի ճանապարհով Սիրիա հասած մեր հայրենակիցները չընկրկեցին, չհաձնվեցին, այլ հառնեցին ինչպես փյունիկ` ապացուցելով, որ ոչ մի եղերագործություն չի կարող ընկճել Հայի կենսասեր ոգին»: