Քաղաքագրություն. Կոնդի եկեղեցին

Քաղաքագրություն. Կոնդի եկեղեցին

Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Այս եկեղեցին նույնպես գոյություն է ունեցել 1679 թվականի երկրաշարժից առաջ։ Երկրաշարժի հետեւանքով այն փլվել է եւ վերականգնվել 18-րդ դարի սկզբներին։ Ընդ որում, ըստ Հովհ. Շահխաթունյանցի, եկեղեցու այդ վերաշինումը տեղի է ունեցել 1708 թվականին, մինչդեռ, եկեղեցու պատի վրա եղած արձանագրության համաձայն, այն կատարվել է 1710 թվականին։ Դրանից բացի, եկեղեցու հյուսիսային պատի արտաքին եւ ներքին կողմերում նույնպես կան մանր-մունր վերանորոգումների մասին մի քանի արձանագրություններ։



Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գոյություն ունի մինչեւ այժմ, կառուցված է հիմնականում սրբատաշ քարերով, ներսից բավական գեղեցիկ է, պատերին հագցված են գեղեցիկ քանդակներ ունեցող մի քանի խաչքարեր, եւ ունի տարբեր բովանդակության բազմաթիվ արձանագրություններ։ Եկեղեցին հանգում է չորս բավական մեծ սյուների վրա, ունի երեք սեղան, երկու ավանդատուն, երկու դուռ՝ արեւմուտքից եւ հարավից, քահանաների համար սենյակներ։ Այդ բոլորը կազմում են մի համալիր, որը պատված է պարսպով։



Քաղաքի երկու այլ եկեղեցիները՝ Սբ. Սարգիսը եւ Սբ. Լուսավորիչը, ուշ ժամանակաշրջանի կառույցներ են։ Առաջինը կառուցվել է 1835 թվականին, Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի կարգադրությամբ, եւ եղել է Երեւանի առաջնորդական եկեղեցին, այժմ էլ կանգուն է, իսկ երկրորդի շինարարությունը տեւել է բավական երկար՝ դրա հիմքը գցել են 1869 թվականին, բայց շինարարությունն ավարտվել է միայն 1900 թվականին։



Ճարտարապետական առումով, ըստ երեւույթին, որոշակի հետաքրքրություն է ներկայացրել նախորդ ժամանակներից գոյություն ունեցող Սբ. Գեւորգ եկեղեցին, որը, սակայն, 1679 թվականի երկրաշարժով իսպառ ավերվել է եւ այլեւս չի վերականգնվել։



Դրանք են մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Երեւանի եկեղեցիները, որոնցից որոշները կառուցվել էին նախորդ ժամանակներում եւ մի քանի անգամ վերանորոգման ենթարկվել 16-18-րդ դարերում, իսկ մյուսներն ուղղակի այդ դարերի կառույցներ էին եւ իրենց ճարտարապետությամբ մեծապես զիջում էին առաջիններին։



Երեւան քաղաքի պատմությունը