Օազիս դերասանի համար

Օազիս դերասանի համար

«Չտեսնված ներկայացումը» պատմում է այն մասին, թե արդեն 35 տարեկան Հ. Մալյանի անվան թատրոնը ինչ է արել ու ինչ հրաշալի ներկայացումներ կարող էր ստեղծել, որ տարբեր պատճառներով չի արել: Սա ներկայացում է նաև թատրոնի մալյանական տեսակի մասին: Մալյանական թատրոնը պարզ է, ծիծաղ է, հեգնանք ուղղված նաև սեփական պարտությունների դեմ ու ամենալուրջի դեմ՝ օրինակ Շեքսպիրի «Համլետի»: Այս թատրոնը Հայաստանի ամենաթատերայիններից է, վառ է, բայց երբեք կեղծ չէ: Մալյանի թատրոնում եթե կա ձևացում, ապա ձևացողն անպայման հայտարարում է դրա մասին ամբողջ աշխարհին: Դե, գոնե Մալյանի դահլիճում հավաքվածներին: Այսինքն՝ հանդիսատեսը վստահ է, որ այս թատրոնում իրեն չեն խաբի:



Եթե չես տեսել Մալյանական ներկայացումները, ապա «Չտեսնված ներկայացում» ներկայացումների խճանկարով կհասկանաս ու կզգաս թատրոնի այս տեսակը: Այս տեսակի հիմքում շատ տարբեր հեղինակներ ու գործեր կան, բայց հիմքերի հիմքում Թումանյանն է:



Ինչքան հեռանում ենք դերասանից ու ձգտում առավել ցնցող ու նոր պատկերային մտածողության, Մալյանի թատրոնն այդքան ապավինում է դերասանին ու նրա էությանը:



Մալյանում թույլ դերասաններ կամ այդ թատրոնի տեսակից հեռու դերասաններ ուղղակի չեն կարող լինել: Ու հենց դրանով է այն դառնում օազիս, ու պատահական չի, որ «Չտեսնված ներկայացման» զավեշտալի սկզբում պատմվում է, թե ապագայում աշխարհակործան իրադարձություններից հետո անգամ (երբ հզոր գաղտնի գործակալությունները վերացնում են «զմիմյանս» ) Մալյանի թատրոնը կանգուն է մնալու:



Մալյանի դերասանի թատրոնի դերասանների դեմքներին չես տեսնի հոգնություն ու ձանձրույթ բեմին ու տեքստին ուղղված: Նրանք վարակված են ու հենց իրենք հաճույք են ստանում բեմից ու խաղից: Ու երբեմն սխալմամբ թվում է՝ իրենք հանդիսատեսի առկայությունից անկախ էլ կարող են նույն հաճույքը ստանալ, քանի որ դերասանները երբեմն խաղում են թե հանդիսատեսին չեն նկատում. գալիս են կենտրոն ու հայացքները հաճախ անորոշ կետերի են հառում: Բայց այս թատրոնի դերասանները խաղում են հենց հանդիսատեսի համար, ոչ թե մարդկային ինչ -որ բազմության, որն իրենից հեռու է ու անկախ, այլ հենց Մալյանի թատրոնի հանդիսատեսի:



Այս թատրոնի բեմը հիմնականում մաքուր է ու զերծ այնպիսի ավելորդություններից, որ կարող էիր դեն շպրտել, ու ներկայացումը դրանից չէր կորցնի ոչինչ: Ու բնական է, քանի որ դա էլի հանդիսատեսի ու դերասանի ամենամաքսիմալ երկխոսությունն ապահովելու համար է: Հանդիսատեսի ուշադրությունը չի սևեռվում դերասանի մարմնից ուրիշ այլ կետի վրա, որովհետև այդ կետը պարզապես գոյություն չունի:



Դերասանի ու կերպարի սահմանները իրոք հստակ չեն, դերասանները կարող են տալ իրենց անունները կամ մեր թատերական քննադատների անունները, կամ էլ բողոք ներկայացնեն ռեժիսորին: Մալյանի թատրոնի էության մեջ կա չափանցում՝ համադրված զսպության հետ: Ինչ-որ հետաքրքիր հնարքով այս թատրոնը երբեք չի անցում գռեհկության սահմանը, երբ անգամ անհնար է խուսափել դրանից գրական նյութով պայմանավորված (Բոկաչչո «Դեկամերոն»):



Պարզ է, թե թատրոնի անձնակազմը ինչքան երկար աշխատանք պիտի տարած լինի ներկայացումների խճանկարը՝ «Չտեսնված ներկայացումը» ստեղծելու համար, բայց հանդիսատեսը միայն թեթևություն է զգում: Դու մտնում ես փոքր աշխարհ, որտեղ ասում են, թե սա է մեր թատրոնը, արի միասին խաղանք: Դու գիտես, որ այդ թատրոնում չեն խաբում, բայց դու էլ խաղում են որպես հանդիսատես: Արդյունքում մնում է հաճելի զգացողությունների այն ձևը, որ միայն թատրոնը կարող է տալ:



Լիլիթ Երանյան



ԵԹԿՊԻ մագիստրոս